ԱՄՆ-ը սկսում է գերազանցել Ռուսաստանին էներգակիրների արդյունահանման ծավալներով։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ հուլիսին ԱՄՆ-ում արդյունահանվել է օրական 22 մլն բարելին համարժեք գազ և նավթ։ Նախնական տեղեկություններով՝ այդ ամսին Ռուսաստանում արդյունահանվել է 21.8 մլն բարելին համարժեք էներգակիր։
Պարբերականը գրում է, որ սա կարող է հանգեցնել էներգետիկ շուկայի ձևափոխմանը և վտանգել շուկայում ավանդաբար ուժեղ դիրքեր ունեցողների շահերը։ «Սա գերազանց շրջադարձ է։ Սա շուկայական պայմանների և հնարավորությունների նոր դարաշրջան է, որոնց մասին մենք երազում էինք», — ասել է Ադամ Սեմինսկին, ով ղեկավարում է ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը։
Մինչդեռ ռուս մասնագետները վատատես են, քանի որ երկրի բյուջեի մի զգալի մաս լրացվում է էներգակիրների արտահանման շնորհիվ, իսկ 2015-ին նավթի և գազի արտահանումը կարող է կրճատվել 25-30 տոկոսով, ինչը կհանգեցնի ՀՆԱ-ի կրճատմանը մոտ 100 մլրդ դոլարով։