տուն Տնտեսական Էկոնոմիկայի նախարարը՝ Քոչարյանի դիտարկումների մասին

Էկոնոմիկայի նախարարը՝ Քոչարյանի դիտարկումների մասին

337
0

Ավանեսյան

Լրագրողներն այսօր Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվել են, թե արդյոք նա համամի՞տ է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն գնահատականների հետ, թե գազային վերջին համաձայնագրերը ավելի շահավետ էին, քան Քոչարյանի նախագահության ժամանակ կատարված «Գույք պարտքի դիմաց» գործարքն էր: «Որպեսզի ես կարողանամ այդ հարցին պատասխանել, պետք է պայմանները նայել, գները նայել, բայց չեմ կարծում, որ նման գնահատական ընդհանրապես հնարավոր է տալ»,- ասաց Վ. Ավանեսյանը՝ հավելելով, որ Էներգետիկայի նախարարը բացատրել է, թե ինչու է նման գնահատական տվել:

Նախարարը նշեց, որ նորմալ է վերաբերվում Քոչարյանի քննադատությանը: «Խնդիրները, որոնք որ բարձրացված են, առանձին-առանձին եթե նայեմ, կարող եմ ասել, որ կան բաներ, որոնք ինձ համար դժվար է գնահատելը, բայց կան բաներ, որոնք կարող եմ գնահատել: Օրինակ՝ շինարարության 25% մասնաբաժին ՀՀ-ում կամ որևէ այլ երկրում՝ ընդհանրապես անհնարին բան է, որ երկարատև կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկար ունենա»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս 2006-2007թթ. ինքը գնահատել է, որ շինարարությունում անկում է սպասվում:

Հարցին, թե կա՞ն արդյոք Քոչարյանի հարցազրույցի մեջ դիտարկումներ, որոնց հետ ինքը համաձայն է, նախարարը պատասխանեց՝ «իհարկե կան»: «Խոսքը վերաբերում է հիպոթեքային վարկերին, թե ինչքանով պետք է հիպոթեքային վարկերի ընդհանուր աճի գնահատականը համալրվի բացարձակ գնահատականներով: Բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում հիպոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ մենք կարողանանք ասել, որ դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտում»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ տոկոսադրույքները բարձր են ու թույլ չեն տալիս, որ հիպոթեքի շուկան ՀՀ-ում զարգանա:

Հարցին, թե ինքը վճարե՞լ է արդյոք կոմունալ վարձավճարները, նախարարն ասաց, որ իր կինն է այդ հարցերով զբաղվում և ինքը տեղյակ չէ՝ հայհոյել է իր կինը իշխանություններին ՀՀ շատ քաղաքացիների նման՝ իմանալով վարձավճարի չափը, թե՞ ոչ: «Հնարավոր է»,- կատակեց նախարարը:

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ինքն անձամբ աշխատել Ռ. Քոչարյանի հետ, եթե վերջինս վերադառնա, Ավանեսյանն ասաց, թե չի կարող պատասխանել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here