Հայաստանում համացանցից օգտվողների թվի աճին զուգահեռ սկսում է ձևավորվել առցանց (օնլայն) առևտուրը: Զարգացած երկրներում այն բավականին տարածված է՝ շատ ապրանքներ կարելի է գնել, վճարումներ կատարել համացանցի միջոցով, որից հետո ապրանքը կհասնի գնորդին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլեկտրոնային կոմերցիա ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ խոսեցին ոլորտի խնդիրների ու ձեռքբերումների մասին:
Menu.am առցանց խանութի տնօրեն Սևադա Բաղդյանը ասաց, որ իրենց պատվերների 20%-ը արդեն առցանց է իրականացվում, ինչը բավականին լավ ցուցանիշ է Հայաստանի պարագայում՝ այս բիզնեսի ոլորտում: Բաղդյանի խոսքով՝ զարգացած երկրներում սննդամթերքի բնագավառում առավելագույնը 60-70 տոկոսն է առցանց պատվիրում, քանի որ կարևորվում է անմիջական կոնտակտը հաճախորդների հետ:
Crossroad.com կայքը միավորում է 100-ից ավելի խանութներ: Վաճառողները կարող են բացել իրենց սեփական ինտերնետային խանութը այս հարթակում:
Buy.am-ը միավորել է ավելի քան 50 հեղինակավոր խանութներ ու 100 առաջատար ապրանքանիշներ:
Biglemon.am զեղչերով գնումների կայքի տնօրեն Օսկանա Լոբախինայի խոսքով՝ այն ինչ իրենք անում են, բավականին նոր է և սկզբնավորվել է ԱՄՆ-ում՝ 2008թ հետո: Այս կայքում վաճառողը կարող է իր զեղչերի վերաբերյալ տվյալները անվճար տեղադրել, գնորդն էլ՝ իմանալ՝ որտեղ ինչ զեղչեր կան: Արդեն վաճառվել է 70 հազար կուպոն, 900 ակցիա է արվել և գնորդները շուրջ 200 մլն դրամ են խնայել՝ այս կայքի միջոցով գնումներ կատարելու շնորհիվ: Լոբախինան ասում է, որ սկզբում հեշտ չէր Հայաստանում, սակայն կայքը շատ արագ բավականին ճանաչված դարձավ և լուրջ արդյունքներ գրանցեց:
Բոլոր այս կազմակերպություննեը էլեկտրոնային վճարումների համար (բանկային քարտերով վճարումների համար) օգտվում են Իդրամ վճարային համակարգից, որը գործում է արդեն 10 տարի: