Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի բնակչության արտագաղթի:
«Տեղական արտադրողներն առանց այդ էլ վատ վիճակում են: Հայ գիտնականներն անգամ հողից կարող են էլեկտրաէներգիա ստանալ, դրանով իսկ բարձրացնել սեյսմակայունությունը: Մարդիկ իրենց ծախսերը ուռճացնում են ու ասում՝ մենք մինուսով ենք աշխատում: Համոզված եմ, որ սա կխթանի մեր բնակչության արտահոսքին: Ես միշտ ասել եմ, որ հիմա մեր երկրում սպառողների դեֆիցիտ կա»,- ասում է նա:
Բացի այդ, Մելիտա Հակոբյանը կարծում է, որ եթե մենք այսօր ամեն ինչ դնում ենք եվրոպական ցուցանիշների վրա, պետք է չմոռանանք եվրոպական աշխատավարձերի ու թոշակների մասին:
Երևանի սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանի խոսքով՝ արդարացված չեն պատճառաբանությունները՝ կապված ատոմակայանի աշխատանքի կանգ առնելու հետ:
«Այն պատճառաբանությունները, որ բերում են ճեղքվածքի և այլնի հետ կապված՝ զարմանալի են: Հասարակ քաղաքացին հասկանում է, որ չկա մի ոլորտ, որ չունենա էլեկտրաէներգիայի կարիք : Հիմնավորում են իրենց այդ ճեղքվածքը ատոմակայանի վերանորգման ընթացքում աշխատանքի կանգ առնելով, բայց առաջին անգամը չէ, որ ատոմակայանի աշխատանքը կանգ է առնում: Երկրորդը՝ ՋԷԿ-ի հետ կապված: Ինչպե՞ս ստացվեց, որ շահույթ բերող ձեռնարկությունը սնանկ ճանաչվեց: Այսօր ամեն մի ճեղքվածքի բեռը կրում է ազգաբնակչությունը»,- նշում է նա: