Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադարձավ մեկ տարվա ընթացքում 12 դրամով էլեկտրաէներգիայի գնի թանկացմանը և նշեց, որ այդ սակագնի ավելացրած արժեքի հարկը տարեկան կազմում է 14,4 միլիարդ դրամ:
«Սա պետական բյուջեի համար լրացուցիչ մուտք է: Պատկերացրեք, որ պետությունն այսպիսի մեթոդ կիրառի, ինչպես է բյուջեն լցվելու: Բայց ինչու դա պետք է արվի հասարակության հաշվին»,-ասաց Մելքումյանը:
Անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքինˋ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այն բացառիկ հիդրոէլեկտրակայանների կասկադն է, որը նախկին Խորհրդային միությունում ամենաբարձր խորությունն ուներ:
«Եվ դրա հաշվին ավելի էժան էլեկտրաէներգիա էր արտադրվում: 5,4 հարյուր մգՎտտ է, որը մոտավորապես ատոմակայանի չափ է, Որոտանի ՀԷԿ-ը արտադրում է 1,1 միլիարդ կՎտտ/ժամ էլեկտրաէներգիա: Իսկ ամբողջական հիդրոէներգետիկան Հայաստանում արտադրում է մոտ 2,3 2,4 միլիարդ կՎտտ/ժամ, այսինքն մոտ կեսը Որոտանի ՀԷԿ-ն է արտադրում»,-ասում է Մելքումյանը:
Նա նշում է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը այն ընթացակարգերով, որով կատարվել է՝ ճիշտ չէր և դա չէր համապատասխանում գործող մասնավորեցման գործընթացներին:
«Մեր բարձր լարման հաղորդագծերի կարողությունը շատ ավելի մեծ է, շատ էլեկտրաէներգիա կարող են ստանալ եւ արտադրել ավելի մատչելի գնով: Բանկերի հետ ֆինանսական պրոբլեմ կա: Եթե նույնիսկ էլեկտրաէներգիայի բարձրացումը լինի, որին մենք դեմ ենք և թույլ չենք տալու, որ բարձրանա, պետք է անպայման մի պայմանով կատարվի, որ ֆինանսական ճեղքվածը մարելուց հետո, անպայման հետադարձ օրենքով գինը իջեցվի»,-ասում է Մելքումյանը:
Ըստ պատգամավորիˋ Հայաստանը պետք է կարողանա տարածաշրջանային եւ միջազգային էներգետիկ եւ այլ սխեմաների մեջ ճիշտ ինտեգրվի: