ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին նախաձեռնությունը, որով փորձ է արվում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, անընդունելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մաիքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ամենաէժան էլեկտրաէներգիան արտադրում է ատոմակայանը՝ 5 դրամ ԿՎտ/ժամ ինքնարժեքով: Դրանից հետո ամենաէժանը հիդրոէլեկտրակայաններն են՝ 8-9 դրամ/ԿՎտ/ժամ ինքնարժեքով: Եվ վերջում գալիս են Ջերմային կայանները: Կարգավորումներն այնպիսին են, որ բաշխիչ ցանցերը նախ պետք է ատոմակայանի, ապա՝ հիդրոկայանների էներգիան գնի:
Սակայն, անցած տարի ատոմակայանը 20 օր չաշխատելու փոխարեն չի աշխատել 4 ամիս, իսկ հիդրոէլեկտրակայանների համար էլ տարին անբարենպաստ է եղել, այդ պատճառով բաշխիչ ցանցերն ստիպված է եղել ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել: Արդյունքում ՀԷՑ-ը ֆինանսական լուրջ դժվարությունների առջև է կանգնել և հենց այդ հարցը լուծելու համար էլ որոշվել է դարձյալ բարձրացնել սակագինը՝ մոտ 10%-ով, ինչը նախորդ տարվա բարձրացման հետ միասին կազմում է 40%: Այսինքն՝ խնդիրը փորձ է արվում լուծել բնակչության հաշվին, ինչն անթույլատրելի է:
Մելքումյանի ասելով՝ պետք է դիտարկել արտադրող կայաննների շահութաբերության նորմատիվների հարցը և միգուցե լուծումը հենց այդտեղ էլ գտնվի: