Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը: Հիշեցնենք, կենտրոնը Հանձնաժողով էր դիմել սեպտեմբերի 10-ին՝ խնդրելով քննել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեության հետ զուգակցելու հարցը, ինչպես նաև համեմատել և ստուգել Հ. Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների մասին տեղեկությունները դրանց վերաբերյալ մամուլում առկա տեղեկությունների հետ:
Հանձնաժողովից ԹԻՀԿ-ին այսօր ուղարկված գրության մեջ վարույթ չհարուցելու համար պատճառաբանել են, թե համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի:
Սակայն, ԹԻՀԿ-ից համամիտ չեն այս փաստարկի հետ և մեկնաբանում են. «Հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն և համադրում և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում»:
ԹԻՀԿ-ը հանձնաժողովի այս պատասխանը որակում է իբրև խուսանավող պատասխան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ԹԻՀԿ-ը հանձնաժողով էր ներկայացրել նաև ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի վերաբերյալ դիմում: Այս դիմումով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից խնդրում էր քննել Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստի շտապող նախարարը, մամուլում տարածված տեսանյութի և լրատվամիջոցների լուսաբանումների համաձայն, կառավարության շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներից մեկի աղաղակներին ի պատասխան, վիրավորական արտահայտություններ էր արել:
Ի դեպ, մեր այն հարցին, թե ինչ եզրահանգման են հանգել հանձնաժողովում այս հարցի վերաբերյալ և ինչ փուլում են այդ պաշտոնյայի կողմից էթիկայի կանոնների խախտման ուսումնասիրությունները, հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն տրամադրել՝ հավելելով, թե ուսումնասիրությունների արդյունքների մասին առավել մանրամասն կարող ենք տեղեկանալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին ուղարկվելիք գրություններից:
Փաստորեն, իր կայացրած որոշումները հրապարակելու և հանրությանն իրազեկելու պարտականությունը հանձնաժողովը որոշել է դնել մեկ այլ կառույցի վրա: Ի դեպ, նշենք, որ 2012թ-ից իր գործունեությունը ծավալած հանձնաժողովի կայքում մինչ օրս միայն 2 որոշում է հրապարակվել, մինչդեռ ստացվել են 10-յակ դիմումներ:
Նշենք նաև, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որեւէ ուսումնասիրություն կամ վարույթ չի իրականացրել: Իսկ հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում որեւէ պաշտոնյա մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել, առավել ևս չի զրկվել զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուր` pastinfo.am