ԱԺ Էթիկայի հանձնաժողովը, որը կոչված էր բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հետ կապված հարցերը քննարկելու ու քաղաքացիներին պաշտպանելու հանդուգն պաշտոնյաներից, ստացվում է, որ հեղինակազրկեց ինքն իրեն, քանի որ դիմումները հետաքրքիր կերպով իրար հետևից մերժման են արժանանում:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը ժամանակին մերժեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը, որով պատգամավորն առաջարկել էր քննարկել խորհրդարանի՝ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցը:
ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի, Կարո Կարապետյանի, Մանվել Բադեյանի դեմ հայցերը ևս մերժվել էին: Մերժվել էր նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի դեմ ուղղված հայցը: Հիշեցնենք, որ կա տեսագրություն, որտեղ պարզ կերպով ԱԱԾ տնօրենը քաղաքացուն ասաց. «Էշ ա, արա, ի՞նչ ես գոռում, այ ոչխար» :
Այսօր էլ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շմայսի` Առաքել Մովսիսյանի դեմ չորս լրագրողների կողմից ուղղված հայցի քննարկմանը չի ներկայացել պատգամավորը: Ստացվում է, որ պատգամավորներն անգամ լուրջ չեն վերաբերվում այս կառույցին: