Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը բարելավելու համար, այլ՝ աղքատության մեջ պահելու համար։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով աղքատության հաղթահարման մասին։
«Մենք շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը՝ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել՝ դիպլոմը դեռևս կրթություն չէ:
Վարչապետի խոսքով՝ մարդուն կարելի է հաց տալ որոշ ժամանակ, բայց հետոն ինչ է լինելու:
«Մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ բոլոր նրանք, ովքեր բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ զբաղվել:
«Հայաստանում սակավամտության պայքար է տեղի ունենում՝ մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ: Եթե որևէ մեկին թվում է, որ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև իրենք հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք ու այնտեղից դուրս չեն գալու երբեք,- ասաց Փաշինյանը։- Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը բարելավելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար, որ հաջորդ ընտրություններում այդ նույն մարդկանց ձեթով ու բրնձով տանեն ընտրատեղամաս ու քվեարկել տան, էս պատմությունն ավարտված է Հայաստանում»։
Վարչապետը խոստացավ, որ կեղծ նպաստառուներով փողեր հանելու ու յուրացնելու պրակտիկան ամենակոշտ հակազդեցության է արժանանալու։