Հանրահայտ ջութակահար Էդգար Հակոբյանը տոնում է ծննդյան տարեդարձը: Դա լավ առիթ դարձավ Araratnews-ի համար զրուցելու արտիստի հետ երաժշտության, ընկերների եւ յուրահատուկ օրը նշելու մասին:
Ինչպե՞ս ստացվեց, որ Էդգար Հակոբյանը՝ ստեղծագործելով արդեն շուրջ 10 տարի է, ոչ մի մենահամերգ չի տվել Հայաստանում:
Մենահամերգի բացակայությունը կապված էր նրա հետ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում գրեթե չեմ եղել Հայաստանում: Հանդես էի գալիս Ռուսաստանում, Եվրոպայում: Սակայն կփորձեմ առաջիկայում այդ բացը լրացնել:
Այսինքն դրսում լա՞վ են ճանաչում Ձեր երաժշտությունը:
Կարծում եմ, որ այո: Ամենաքիչը 2-3 համերգ եմ ունենում Եվրոպայում ամեն ամիս: Դե Մոսկվայում եւ ամբողջ Ռուսաստանում նույնպես: Օրերս այնքան հագեցած են տարբեր միջոցառումներով, փորձերով, ձայնագրություններով: Կարծում եմ, այդ ամենը գնահատվում է:
Նոյեմբերի 29-ին Ձեր ծննդյան օրն է: Ինչպե՞ս եք այն նշելու:
Դե, սովորաբար, ես կամ մեծ շուքով եմ տարեդարձս նշում, կամ ընդհանրապես չեմ տոնում: Այս տարի Մոսկվայում կնշեմ: Կսկսեմ դեռ նոյեմբերի 28-ից, «ПАНАЕХАЛИ»-ում կհավաքեմ բոլոր ընկերներիս: Ելույթ ունենալուց ինձ կնվագակցի նաեւ հանրահայտ Manuk Ghazaryan Band-ը: Ընկեներս եւս կգան ինձ շնորհավորելու բեմից: Ելույթ կունենան Մարիամ եւ Արմեն Մերաբովները, որոնք սեպտեմբերին Հայաստանում համերգներով ներկայացան: Վրացուհի երգչուհի Էտերի Բերիաշվիլին կգա, ով հիմա «Ռուսաստանի Ձայնի» մասնակից է: Ի դեպ, այդ նախագծի մի քանի մասնակիցներ եւս կերգեն՝ Ալեքսանդրա Բելյակովան, Լիլիթ Հարությունյանը, Արտակ Ներսիսյանը: Իհարկե, նրանք մինչ նախագիծը արդեն կայացած արտիստներ էին, իսկ հեռուստաէկրանի շնորհիվ պարզապես ավելի հայտնի դարձան:
Ընկերասե՞ր եք:
Դե, հաշվի առնելով, որ ընկերներս շատ-շատ են, երեւի թե, այո: Սակայն, իհարկե, ամենամտերիմ մարդիկ այդքան էլ բազմաթիվ չեն: Այսինքն, այնպիսի մարդիկ, ում համար պատրաստ եմ ամեն ինչի:
Մարկ Սաղաթելյանը նու՞յնպես այդ անձնավորություններից էր:
Իհարկե: Ավելին, քան ընկեր: Մարկը ինձ համար եղբայր էր: Ընկերներից խոսելուց չեմ կարող նրան չհիշել: Դա այնպիսի մի ցավ է, որ դժվար մի օր նույնիսկ թուլանա: Մոսկվայում տեղի ունեցած վերջին մենահամերգիս ժամանակ նրան նվիրեցի “Smile” կատարումը: Քանի որ նրան առանց ժպիտի հնարավոր չէ հիշել:
Գիտեմ, որ հենց Մարկի միտքն էր այդ մենահամերգը…
Այո, մենք նույնիսկ միասին էինք սկսել նախապատրաստվել: Ցավոք, նա չտեսավ, թե ինչպես իր մտահղացումն իրագործեցի, բայց ամեն վայրկյան զգում էի, որ ինձ հետ է: Ու “Smile”-ի ժամանակ բոլորը` թե´ ռուս, թե´ հայ, ոտքի էին կանգնել, որովհետեւ Մարկին բոլորը գիտեն:
Մենահամերգը, անխոս, կարելի է ստացված համարել: Նույնիսկ հայկական մամուլում այդքան տպագրություններ եղան:
Ես շատ ուրախ եմ, որ արածս գործը նման կերպ գնահատվեց: Անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ դահլիճը լեփ-լեցուն կլինի այդ օրը, քանի այդ ամիս Մոսկվայում մի քանի համերգներ կային, որոնք հայ հանդիսատեսին կհետաքրքրեին: Սակայն այլ կերպ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ:
Հայկական մամուլի անդրադարձը նույնպես շատ ուրախացրեց ինձ: Կարծում եմ, ճիշտ է, երբ հայկական արմատներով արտիստին առաջին հերթին գնահատում են հայրենիքում եւ ուրախանում նրա ամեն մի քայլով:
Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:
2014-ի փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին եմ ելույթ ունենալու: Երբ Իտալիայում հյուրախաղերի էի, առաջարկ ստացա գեղասահքի չեմպիոն Բրիան Ժուբերից: Ավելի ճիշտ, առաջարկը նաեւ իմ կողմից հնչեց, երբ լսեցի, թե ինչ երաժշտությամբ է նա ուզում հանդես գալ Սոչիում: Պետք է ելույթ ունենամ գեղասահքի մրցումների փակման արարողության ժամանակ, երբ ցուցադրական ելույթներ կլինեն: Դե, իհարկե, մինչ այդ հյուրախաղերով հանդես կգամ Եվրոպայում: Եւ, ինչու չէ, Հայաստանում մենահամերգով կներկայանամ:
Հիշեցնենք, որ Էդգար Հակոբյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 29-ին, Երևանում: Առաջին անգամ ջութակը ձեռքն է վերցրել 5 տարեկանում: Սովորել է Հայաստանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիրիժորության ֆակուլտետում: 2001թ. մեկնել է Մոսկվա: 2001-03թթ աշխատել է իր առաջին ալբոմի ուղղությամբ` 2003թ. թողարկելով «Silk Way» սկավառակը: Եղել է առաջինը, ով Ռուսաստանում ջութակային ալբոմ է թողարկել: 2005թ. արժանացել է «Բաց Եվրոպա» երաժշտական մրցույթի Գրան պրի մրցանակի: Նույն թվականին Փարիզում պարգևատրվել է Ֆրանսիայի երաժշտական համադաշնության մեդալով: 2005թ. թողարկել է երկրորդ` «Onе Violin Story» ալբոմը: 2007թ-ից Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախմբի մենակատար է: 2007-10թթ եղել է Լյուբով Ուսպենսկայայի բոլոր մենահամերգների հատուկ հյուրը: 2008թ. Քրիստոս Փրկչի տաճարի դահլիճում նրան մեդալ և «Национальное Достояние» կարգավիճակ է շնորհվել: 2009թ. թողարկել է «In Tranzit» անվանումով երրորդ ալբոմը: 2009թ. ելույթ է ունեցել «Золотой Орел» մրցանակաբաշխության բացման արարողությանը: 2010թ. մասնակցել է Եվգենի Պլյուշչենկոյի «Короли Льда» սառցե շոուին: 2011թ. եղել է Շենչժենի ամառային Ունիվերսիադայի դեսպանը: Այդ նախագծի շրջանակում որպես հատուկ հյուր մասնակցել է դրոշի փոխանցմամբ և միջոցառման փակման արարողություններին: 2011թ. մասնակցել է «Bolzano Ice Gala» (Իտալիա), «Rehensburg Ice Gala» (Գերմանիա), «Oberstdorf Gala» (Գերմանիա) սառցե շոուներին: 2008թ. եղել է Դմիտրի Մալիկովի «Pяномания» նախագծի մենակատարն ու կոմպոզիտորը: 2012թ-ից հեղինակային երաժշտական ծրագրով համերգներով է հանդես եկել Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր քաղաքներում: 2013թ. մրցանակի է արժանացել Moda topical-ի Live Music անվանակարգում: