Գազի գնի ոչ մի էժանացում էլ տեղի չի ունենա: Այս մասին այսօր հայտարարեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հիշեցնելով, որ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ևս հայտարարել է, որ սպառողի համար էժանացում չի սպասվում, եթե անգամ մենք մտնենք Մաքսային միություն: «Լավագույն դեպքում կմնա նույնը որոշ ժամանակ: Մեկ ասում են՝ այլևս թանկացում չի լինի, այս գինը կմնա, « Գազպրոմի » ներկայացուցիչը ասում է՝ Ռուսաստանի ներքին գներին համապատասխան, ինչ-որ գործակցով մի բան կլինի՝ դրանք լղոզված մտքեր են, ես կարծում եմ՝ ուղղակի մանյովրներ»,- ասաց Գ. Մակարյանը:
Նրա խոսքով՝ ինչպես «ՀայՌուսգազարդը» այնպես էլ «Էլեկտրական ցանցերը», «Արմենտելն» ու ռուսական մենեջմենտի այլ ընկերություններ Հայաստանում վատ են աշխատում: «Ռուսական մենեջմենտի որակը էական բարելավման կարիք ունի: Որտեղ որ նրանք մտել են, որ խոշոր հիմնարկները, որ մենք նայում ենք, այնտեղ սննկացման, փողերի հսկայական ծախսերի ենք հանդիպում, բարձր աշխատավարձեր՝ միայն բարձրագույն ղեկավարության համար: Այսպիսի տվյալներով են աչքի ընկնում այս ընկերությունները: Իրենք եվրոպական որակը և նվիրվածությունը չունեն: Բացի Արմենտելից՝ բոլոր իմ նշած այդ ընկերությունները սոցիալական պատասխանատվության ծրագրերով աչքի չեն ընկնում: Զուտ էգոիստական, փողերը վերցնելու, բարձրագույն ղեկավարությունը վայելելու, ծախսելու, վատնելու տրամաբանություն եմ ես տեսնում»,- ասաց Գ. Մակարյանը: