տուն Տնտեսական «Զվարթնոցը» տարեկան 4 միլիոն մարդ կկարողանա սպասարկել

«Զվարթնոցը» տարեկան 4 միլիոն մարդ կկարողանա սպասարկել

248
0

4714

Կառավարությունն այսօր հաստատեց Զվարթնոց օդանավակայանի համար մշակված 2013-2017 թվականների «Մաստեր պլանը», որով նախատեսվում է  կատարել շուրջ 101.1 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արդյունքում նախատեսվում է ներկայիս սպասարկումների որակի բարձրացում, նոր տեխնոլոգիաների ներգրավում, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարչի կողմից իր պայմանագրային պարտավորությունների առավելագույնս մեծ ծավալով ու ճշգրիտ կատարում, ուղևորների սպասարկման ընթացակարգերի շարունակական պարզեցում, որոնք կարող են բերել ուղևորափոխադրումների աճի:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ներդրումները հնարավորություն կտան բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել տուրիզմը և այլն: «Սա մեզ համար գերակա խնդիր է, և մենք չենք կարող թերագնահատել օդանավակայանի կարևորությունը»,- ասաց նա:

Ակնկալվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ընդունված  «բաց երկնք» նոր քաղաքականության շնորհիվ, հաջորդ  հինգ տարիների ընթացքում  ուղևորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի, ինչից ելնելով, ներդրումների միջոցներով պլանավորում է ընդլայնել նստեցման հատվածը: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ներկայացմամբ` նստեցման հատվածի ընդլայնումը նախատեսված է ներկայիս գործող համալիրից դեպի արևմուտք, որտեղ հին ուղևորային համալիրի փոխարեն կառուցվելու է նստեցման ուղևորային համալիր: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների  միաժամանակ վայրէջք կամ թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք կապահովի ուղևորների համար նստեցման հատվածում: Նստեցման ելքերի քանակը կավելանա ևս չորսով` կավելանան երկու ուղևորակամրջակ և ուղևորասանդուղքով նստեցման երկու կայանատեղի: Այսպիսով,  ընդհանուր առմամբ, օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք` 7 ուղևորակամրջակ և ուղևորասանդուղքով նստեցման 3 կայանատեղի: Լրացուցիչ նստեցման հատվածը կունենա 5.000 քմ մակերես` 2.000 քմ նկուղային հարկով, իսկ կառամատույցի մակերսը կավելանա 50.000քմ-ով:

Օդանավակայանի ուղևորասպասարկման թողունակությունը կհասնի տարեկան չորս միլիոնի: Հնարավոր կլինի միաժամանակ սպասարկել 10 չվերթ:

Այդ ամենի համար ընդհանուր ծախսը կկազմի 45,0 մլն. ԱՄՆ դոլար:

2018 թվականից հետո այն նախատեսվում է ընդլայնել էլ ավելի, որը կքննարկվի հաջորդ Մաստեր պլանի ընդունման ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here