Հրապարակախոս Զորի Բալայանի նամակնˋ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երեկվանից դարձել է մամուլում և սոցցանցերում քննարկման առարկա, ինչպես նաև մասնագետների շրջանում լայն քննադատության է ենթարկվել: Ինչպես գիտենք, Զորի Բալայանն, իր արդեն«հայտնի» դարձած նամակում, անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և հայ-ռուսական հարաբերություններինˋ նշելով, որ Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ վերջապես այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Նամակի բովանդակության, դրա հետևանքների և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Դա ՀՀ խայտառակությունն է։ Ես կարծում եմ, որ այն բավականին վտանգավոր է իր բովանդակությամբ, և, որ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո՝ դա փորձ էր ռացիոնալիզացնել սեպտեմբերի 3-ի անիմաստ և Հայաստանի շահերի դեմ ուղղված այդ որոշումը, և կարծում եմ, որ ցանկանում են ուղղակի հիմնավորել, թե ինչքան լավ է, երբ Հայաստանը կորցնում է իր անկախությունը»,-նշել է փորձագետը: Ավելին՝ ըստ Մեհրաբյանի, դա մեծ վիրավորանք է Ղարաբաղի պատերազմի բոլոր մասնակիցներին: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչքանով է հավաստի, որ Զորի Բալայանին ուղղորդել են «հայտնի» նամակը գրելուն, ինչպես շահարկվում է տարբեր մասնագետների կողմից, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանել է. «Քանի որ որ նամակի հայերեն թարգմանությունն էլ զուգահեռ դուրս եկավ, ուրեմն դա եղել է վաղօրոք նախապատրաստված քայլ այն ուժերի կողմից, ովքեր շահագրգռված են Հայաստանը ՌԴ-ի ենթակայության տակ դնել»: Փորձագետն անդրադաձել է նաև Զորի Բալայանի նամակի վերաբերյալ դրական արտահայտվողներին և նշել է, որ դա բնական է, քանի որ ստրկամտությունը դեռ ամբողջովին արմատախիլ չի արվել ՀՀ քաղաքացու գիտակցությունից և սրտից, որն, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, լրջագույն խնդիր է հանդիսանում հայկական պետականության զարգացման համար: Անդրադառնալով Զորի Բալայանի անձին՝ Մեհրաբյանը նշել է, որ նա ազգամիջյան թշնամանք հրահրելու խորհրդանիշ է. «Եթե ասում ես Զորի Բալայան, կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են, նա ռուսահպատակության խորհրդանիշ է, ՀՀ նկատմամբ արհամարհանքի խորհրդանիշ է, և էլ չեմ ասում ճոռոմաբանության խորհրդանիշ է նաև»,-Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցն եզրափակել է Ռուբեն Մեհրաբյանը:
Էմմա Պալյան