ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Զորի Բալայանիˋ քննարկան առարկա դարձած նամակին, նշել է, որ իրեն ստիպելով է կարդացել նամակը։
«Ստիպել եմ կարդալ Զորի Բալայանի նամակը, և մի շարք պատճառներով… Մի կողմ թողնելով Մեծ ութնյակի անդամ երկրի (G 8)՝ Ռուսաստանի նախագահին (նաև որևէ երկրի նախագահի) այդքան երկարաշունչ, տաղտկալի, խոհափիլիսոփայական, գիտահանրամատչելի ու ճանաչողա-խրատական նամակ գրելու պատեհություն-կոռեկտությունը, անդրադառնամ խնդրի քաղաքական ասպեկտին։
Միանշանակ է, որ այդպիսի «ուղերձները» հենց այնպես չեն ծնվում, և այն տեսանելիորեն տեղավորվում է տարածաշրջանում ուրվագծվող քաղաքական բախումների, սցենարների, ԵՄ գործընթացների, ինչպես նաև հանրապետության ներսում խմորվող տրամադրությունների մեջ. արտաքին քաղաքականության մեջ ՀՀ պաշտոնական տեսակետների վերամտածում, վերաձևակերպում, ռուսաց լեզվի դիրքերի ամրացում, Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացման հեռանկար, ռուսականի նկատմամբ ինքնամոռաց ու անարժանապատիվ քծնանքի կառավարվող շքահանդես և այլն։
Եվ, այնուամենայնիվ, շատ, շատ եմ ուզում հավատալ, որ ՀՀ իշխանությունների ուղղորդումով չի ծնվել և հղացվել այդ քաղաքական «ինքնաոչնչացումը»,- նշել է Լիլիթ Գալստյանը՝ ավելացնելով, որ Զորի Բալայանի ռուսամետությունը նորություն չէ, բայց երբ այն այլևս ազգային արժանապատվության ու նվաստացման սահմանն է անցնում, չես կարող չբղավել ու չպահանջել, թե այդ ո՞ւմ անունից է հանդես գալիս ղարաբաղյան շարժման վետերանը, ի՞նչ բարոյական իրավունքով։
«Այս էլ 22 և ավելի տարիներ արցախահայության ինքնորոշման իրավունքը, Արցախի հանրապետության գոյությունն ու նրա ընտրված, նվաճված ինքնիշխանությունն այդ ինչ համոզումով է Զորի Բալայանը Ռուսաստանի խնդիր համարում և պահանջում «տեր կանգնել» Գյուլիստանի պայմանագրին, որով «Ռուսական կայսրության սեփականությանն է անցնում» Ղարաբաղի խանությունը»,- ասել է Գալստյանը:
Վերջինիս հետաքրքրում էˋ արդյոք չի՞ գիտակցում նամակի հեղինակը, թե ինչ հարված, հուսահատության ու հուսալքության է փոխանցում Արցախի ժողովրդին, արդյոք չի՞ գիտակցում նամակի հեղինակը, որ այս տեսակետը ուղիղ և ցավոտ հարված է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որոնք ամենաբարձր մակարդակով, միջազգային ամենաբարձր քաղաքական ամբիոններից հայտարարել են Արցախի ինքնիշխանության, միջազգային իրավունքում ինքնորոշման իրավունքի անկասելիության, ինչպես նաև Արցախին ուղղված ռազմական միջամտության պարագայում, անվտանգության երաշխավորի դերակատարության մասին։
«Մեր քանի-քանի պատվիրակություններ միջազգային տարբեր ատյաններում կենաց-մահու կռիվ են տվել մեծ ու փոքր տրամաչափի բանաձևերում «ինքնորոշման իրավունք» բառը զետեղելու համար։ ԼՂՀ -ի վարկին, արժանապատվությանն ու բանակցային գործընթացներին հարվածելուց անդին, այս նամակը հարված է նախ Հայաստանին։ Եթե Զորի Գ(Հ)այկովիչը համոզված է կամ տարակուսում է, թե Հայաստանի իշխանությունների քաղաքական վարկանիշը, կարողականությունն ու բարոյական լեգիտիմությունը թույլ չեն տալիս տեր կանգնել մեր համազգային հաղթանակին ու Արցախի ինքնիշխանությանը, ապա լավ կաներ նամակագիրը ներքին օգտագործման նամակ գրեր կամ պարզապես իր մտերմիկ զրույցներում ու հանդիպումներում խորհուրդ տար հայրենի իշխանություններին, թե ինչ խնդիրներում են նրանք սայթաքել կամ սխալվել, կամ ինչու այդքան անստույգ է մեր երթը, կամ ինչու է այնքան դատարկվել Հայաստանն ու անհեռանկար դարձել, որ Արցախին տեր կանգնելը օրեցօր ծանրանում ու տագնապ է դառնում»։
Լիլիթ Գալստյանի կարծիքով, Վլադիմիրր Վլադիմիրովիչին պատմությունից դասերից քաղելու խորհուրդն հիշեցնելուց առաջ լավ կլիներ, որ ինքը` Զորի Բալայնը, մտածեր, թե ինչու այս էլ «տասը տարի, հարյուր տասը տարի, հազար տասը տարի» մեր քաղաքական միտքն ու պատմական դիսկուրսը Տիզբոնից մարզպան բերելուց կամ ռուսաց թագավորին նամակ գրելուց անդին չի անցնում, ու մեր իրականության համար մեղավոր են բոլորը և ոչ՝ մենք. «Եվ, այնուամենայնիվ, ուզում եմ մխիթարել ինձ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը նամակը կարդալու ժամանակ չի գտնի, ինչն, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը չի հայտնվի հարևանների ու վերլուծաբանների չարախնդացող քննարկումների թիրախում»,- araratnews.am-ի հետ զրույցն եզրափակել է Լիլիթ Գալստյանը։
Էմմա Պալյան