Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում լայն քննարկման առարկա դարձավ Զորի Բալայանի նամակը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով մասնավորապես ասվում էր, որ Գյուլիստանի պայմանագրով՝ Արցախը պատկանում է Ռուսաստանին: Այն, որ նման նամակ գրելու համար պետք է առնվազն անմեղսունակ լինել, կամ պատվեր իրականացնել՝ երևի ոչ ոք չի կասկածում: Հանրության արձագանքը այս անհեթեթությանը բավականին կոշտ էր, սակայն ամբողջ ուշադրությունը միգուցե արդեն հիշողության ու տրամաբանության հետ որոշակի խնդիրներ ունեցող մարդու նամակին կենտրոնացնելը երևի այդքան էլ արդյունավետ չէ` առկա բազմաթիվ մարտահրավերների ֆոնին:
Իհարկե, նամակը չի գրվել պատահականորեն և հավանականությունն էլ ձգտում է զրոյի, որ դա ինքնասիրահարված Զորիի ծերունական մտքի արգասիքն է, սակայն այն տեսակետը, որ այս նամակին անմիջապես կարող են հետևել Արցախի նվիրաբերմանն ուղղված կոնկրետ քայլեր՝ նույնպես իրատեսության շարքից չէ: Նման ձևով հիմնականում փորձ է արվում ստուգել հանրային տրամադրությունները այս կամ այն թեմայի շուրջ` հետագայում հեռավոր նպատակ ունենալով իրագործել այդ ցանկությունը: Այսպիսով Զորին դաշտ նետված ինդիկատոր էր:
Եթե դիտարկենք վարչախմբի կողմից նախկինում կայացված վիճահարույց որոշումները, իրականացված քայլերը, ապա մեծամասամբ դրանք նախապես լրատվական դաշտ են գցվում՝ դարձվում հանրային քննարկման առարկա: Սովորաբար կայացած ժողովրդավարական պետություններում պետական կարևորության հարցերը քննարկման են դրվում ուղղակի հանրային լայն քննարկումների ձևով, սակայն մեր իշխանությունները հրաշալի գիտակցում են, որ նման քննարկումների բեռը իրենց համար չէ, ուստի բավարարվում են մեդիամանիպուլյացիաների միջոցով ինֆորմացիա ստանալով:
Տրանսպորտի գնի թանկացումը շրջանառության մեջ մտցվեց դեռևս ընտրություններից առաջ, սակայն իրագործվեց ընտրություններից հետո: Բայց միշտ չէ, որ նման ձևով հանրային տրամադրությունների ստուգումը տալիս է ճշգրիտ արդյունքներ, և բարեբախտաբար դեռևս այս փուլում արձագանքը բավականին կոշտ էր: Սա աշխատեց նաև ի օգուտ հանրության, հնարավորություն տալով բացահայտել բազմաթիվ գործակալների և իշխանական ու ռուսական շահերի սպասարկուների, իսկ վարչախումբը հնարավորություն ստացավ մի քանի օրով սլաքները իրենից շեղել Բալայանի վրա:
Սևակ Մամյան