տուն Քաղաքական Զորավարներն ու երիտհանրապետականները Տարոն Մարգարյանի հանձնաժողովում

Զորավարներն ու երիտհանրապետականները Տարոն Մարգարյանի հանձնաժողովում

346
0

Տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ լայնածավալ պայքարի արդյունքում հարկադրված որոշման կասեցումից հետո Տարոն Մարգարյանի նախաձեռնած Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի քննարկման հանձնաժողովը արդեն ձևավորվել է։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, որի պաշտոնանկության պահանջով շուրջ երկու ամիս նստացույց են իրականացնում մի շարք քաղաքացիներ։ Նա օգոստոսի 29-ին տրված հարցազրույցում ասել էր, որ չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, փաստորեն ստել է։ Հիշեցնենք, որ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել և վիրավորել էր երկու լրագրողների, նրա որդին կանգառներում խոչընդոտել էր ակցիաների իրականացմանը, հայհոյել էր քաղաքացիներին, մյուս որդին թքել էր քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնողների մեքենաների վրա, հայհոյել և սպառնացել էր։ Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում նաև ուղևորափոխադրող ընկերություններից մեկը, հետևաբար նման անձի մասնակցությունը նման հանձնաժողովում առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր և անվստահություն այդ հանձնաժողովի նկատմամբ։ Սրանից զատ տեղեկություններ կան, որ ստվերային հոսքերը(ամիսը 16000դրամ՝ յուրաքանչյուր մեքենայից, յուրաքանչյուր վարորդից գանձվող 500 դրամ ապօրինի վճարները դիսպետչերներին) իրականացվում են նույն Հենրիկ Նավասարդյանի միջոցով։ Նույնիսկ այս մի չինովնիկի առկայությունը այդ հանձնաժողովում լիակատար հիմքեր է տալիս կասկածի տակ դնել այդ հանձնաժողովի կայացրած որոշումները, սակայն տեսնենք, թե էլ ովքեր են հանձնաժողովի անդամ։

Գևորգ Մելքոնյան «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ, բոլորին հանրահայտ «զորավարը», որը «ախալքալաքցիների»  զորքերն էր քաշում առաջ՝ ընդդեմ հետընտրական շրջանի դասադուլի մասնակիցների, որոնք, նույն Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ ստեղծում էին բախումնային իրավիճակներ, վիրավորում էին դասադուլի մասնակիցներին։ Երևի Տարոն Մարգարյանը ցանկություն ունի սակագնի բարձրացման դեպքում այդ նույն զորքերի միջոցով կանխել ակցիաների իրականացումը Երևանի փողոցներում և հնարավոր դասադուլների իրականացումը։

Րաֆֆի Քարամյան ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսխորհուրդները վերածվել են Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցների և չեն ներկայացնում ուսանողների շահերը։ Րաֆֆի Քարամյանը Գևորգ Մելքոնյանի հետ միասին, երևի «կբարձրաձայնի» ուսանողության խնդիրների մասին, և գերշահույթից Տարոն Մարգարյանն ու մյուս գծատերերը մի փոքր կզիջեն՝« ի օգուտ» ուսանողների։

Այսօր տված հարցազրույցում Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը կարծես թե բացահայտել է այս հանձնաժողովի ստեղծման բուն նպատակը․« ․․․եթե այդ հանձնաժողովը կարողանա լավ աշխատել, նա կգտնի այն բացատրությունը»: Փաստորեն հանձնաժողովի նպատակը ոչ թե լուրջ մասնագիտական քննարկման արդյունքում սակագնի օպտիմալ տարբերակի ընտրությունն է, այլ արդեն իսկ կայացված և ժամանակավորապես կասեցված որոշման բացատրություն գտնելը։

Հետագայում կներկայացնենք նաև այս հանձնաժողովի այլ անդամների մասին մանրամասն և ոչ այդքան հուսադրող տեղեկություններ։

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here