Բանակում բոլոր տեսակի բջջային հեռախոսները վտանգ են ներկայացնում` տեղեկատվական անվտանգության տեսակետից: Սահմանից հնչած ցանկացած հեռախոսային զրույց կարող է տեղեկատվության աղբյուր հանդիսանալ հակառակորդի համար:
Օրեր առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ զորամասերից հարյուրավոր սմարթֆոններ են հավաքվել: Իսկ արդեն երեկ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել էր հեռախոսների վտանգավորության, համացանցում զինծառայողների հրապարակած նկարների, սոցիալական ցանցերում զինվորների նամակագրության և դրանցում ինֆորմացիոն անվտանգության ռիսկերի մասին:
Այս հարցերի առնչությամբ Araratnews.am-ը կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ՊՆ-ն ինչ միջոցներ է ձեռք առնում զորամասերում սմարթֆոն տեսակի հեռախոսների մուտքն արգելելու համար:
Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերահսկողությունն ավելի է ուժեղացվել: Աշխատանքներ են տարվում հնարավոր բոլոր տարբերակներով նմանատիպ հեռախոսների մուտքը զորամասեր խոչընդոտելու համար:
Խոսեցինք նաև առհասարակ բջջային հեռախոսների առաջացրած վտանգների մասին: Այս մասով ՊՆ մամուլի խոնակն ասաց, որ ճիշտ է`բոլոր հեռախոսներն էլ վտանագավոր ռիսկեր ունեն, բայց սմարթֆոններն ավելի շատ: Ծառայության ընթացքում անընդհատ հորդորվում է զինծառայողներին զգուշությամբ խոսել`պահպանելով անվտանգության կանոնները:
Հայկ Մագոյան