Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի երկմասյակի առթիվ: Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի ուղերձը.
«Այս տարի, 2020 թվականին, աշխարհի բոլոր ֆրանկոֆոնները նշելու են Ֆրանկոֆոնիայի հիսուներորդ տարեդարձը: 1970 թվականի, մարտի 20-ին, Նիամեյում (Նիգեր) դրվեցին ինստիտուցիոնալ ֆրանկոֆոնիայի հիմքերը: Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի՝ Սենեգալի նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորի, նրա գործընկերներ՝ Հաբիբ Բուրգիբայի (Թունիս), Համանի Դիորի (Նիգեր) և Կամբոջայի թագաժառանգ Նորոդոմ Սիհանուկի նախաձեռնությամբ 21 պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ ստորագրեցին Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալության (ACCT) ստեղծման մասին Կոնվենցիան՝ այդպիսով որոշում կայացնելով ֆրանսերենը ծառայեցնել ի նպաստ ժողովուրդների միջև համերաշխության, զարգացման և մերձեցման: Ստեղծվեց նոր միջկառավարական կազմակերպություն ՝ հիմնվելով մեկ ընդհանուր լեզվի՝ ֆրանսերենի վրա, որը պատասխանատու էր լինելու իր անդամ-երկրների մշակույթները խթանելու և տարածելու, ինչպես նաև նրանց միջև մշակութային և տեխնիկական համագործակցության խորացման համար:
Այսօր Ֆրանկոֆոնիան, շատ առումներով, կարելի է համարել բազմազանության մոդել, որը, տարածվելով հինգ մայրցամաքներում, համախմբել է 88 լիիրավ, ասոցիացված և դիտորդ պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներին: 2000 թվականից ի վեր Հայաստանը ինստիտուցիոնալ կապեր է հաստատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ՝ 2003 թվականին դառնալով կազմակերպության դիտորդ, 2008 թվականին՝ ասոցիացված անդամ և 2012 թվականին՝ լիիրավ անդամ: Այդ ժամանակից ի վեր, հարաբերությունները չեն դադարել ամրապնդվել. սերտ գործընկերությունը հանգեցրեց Երևանում նախ՝ 2015 թվականին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի անցկացմանը, այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերին, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կազմակերպմանը:
Հայաստանը, որն այսօր նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում, մտադիր է մասնակցել Ֆրանկոֆոնիայի 50-ամյակի տոնակատարություներում, որոնք կմեկնարկեն մարտի 20-ին Նիամեյում և կիզակետին կհասնեն Թունիսում, դեկտեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովի ժամանակ, որտեղ Հայաստանն իր նախագահության ջահը կփոխանցի Թունիսին:
Սա է նաև պատճառը, որ մենք ցանկանում ենք այս տարի հատուկ փայլ հաղորդել Ֆրանկոֆոնիայի հայկական երկամսյակին` ֆրանսախոս մշակույթի ամենամյա այս մեծ հանդիպմանը, որը երկու ամիս շարունակ ընթանում է Հայաստանի բոլոր մարզերում՝ ևս մեկ անգամ վկայելով այն կարևորությունը, որ մեր երկիրը տալիս է ֆրանսերենին և Ֆրանկոֆոնիային: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի բոլոր դերակատարներին` երկամսյակի կազմակերպիչներին և մասնակիցներին, հատկապես երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում, ինչպես նաև հետաքրքրությունն են ցուցաբերում ֆրանկոֆոն միջոցառումներին՝ դրանով իսկ նպաստելով Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Հաջողություն եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի հայկական երկամսյակի այս բացառիկ հրատարակությանը»: