Փետրվարի 12-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ջատագով, մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի ու ԱԷՄԳ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզոնների ուղենշման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետների ու անվտանգ գործունեության, միջուկային էներգետիկայի զարգացման և միջուկային անվտանգության հարցերին: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները:
Նախարարն առանձնահատուկ մատնանշել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցում: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք ընդգծել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ Հայաստանի և Գործակալության միջև արդյունավետ համագործակցությունն առողջապահության ոլորտում:
Միջուկային էներգետիկայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ: