Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը չի մասնակցել Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ Կենդանիների հանդեպ դաժան բռնությունը քրեականացնող օրինագծի քվեարկությանը։
Զոհրաբյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Չեմ ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորներին եւ դահլիճում նստած, բայց որպես դեմարշ՝ չքվեարկած տիկնոջը։ Անհասկանալի բարդույթներ ունենալը թուլության նշան է»։
Սակայն Թագուհի Ղազարյանն իր չքվեարկելու պատճառը պարզապես շփոթություն է համարում, ինչը կապ չունի Նաիրա Զոհրաբյանի հետ հարաբերությունների հետ․ «Գոնե էս նախագծի շրջանակում չէ»,- արձագանքեց նա։
«Երբ նախագիծը կարդաց պրն Սիմոնյանը, ընկերներիս հարցնում էի՝ արդյոք ճիշտ է, որ նախագծի անունը Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելն է։ Արդյոք սա այն նախագիծն է, ինչ հենց նոր քննարկեցինք, որովհետև դա վերջինը պետք է քվեարկվեր։ Հերթականության շփոթ եղավ, ինձ թվաց տրամաբանական չի»,- ասաց նա՝ նշելով, որ նախագիծն իր համար ընդունելի է։
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը․ «Ինձ համար շատ զարմանալի էր, որ տիկին Զոհրաբյանի հայտարարությունը, գրեթե շոկային էր»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ նախագծի որոշ դրույթների հետ համամիտ չէ, բայց ընդհանուր առմամբ կողմ է, որ կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացվի։