ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկած՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող դրամական օգնության վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:
«Զինծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին սահմանված դեպքում տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ ՀՀ կառավարության սահմանված չափով: Ըստ օրենսգրքի համապատասխան մասի՝ զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները: Առաջարկում ենք, որ եթե հետագայում դատական կարգով կամ նոտարի միջոցով հաստատվի ազգակցական կապը՝ ամուսին կամ զավակ լինելու հանգամանքը, նույնպես կիրառվի նման միջոց: Եթե համապատասխան պետական մարմնում գրանցված չի եղել ամուսնությունը, բայց փաստացի ամուսիններ են, և դա որևէ կերպ հաստատվել է նոտարով կամ դատարանով, ապա նույն գումարը կտրամադրվի քաղաքացիներին»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ նույնը ծնող և զավակ հարաբերությունների դեպքում:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն էլ ներկայացրեց կառավարության տեսակետը՝ նշելով, որ այս կարգավորումը կհակասի ավելի բարձր իրավական ուժ ունեցող Ընտանեկան օրենսգրքին։
Կառավարությունը համարել է, որ փոփոխության անհրաժեշտություն չկա: Բալայանը նկատեց, որ փոփոխությունը կլինի հակաիրավական: