Սա միջանկյալ լուծում է, որի նպատակը խորքային կարգավորումներն են, և որի միջոցով ԶԼՄ-ները կունենան երկարաժամկետ հնարավորություն՝ անվճար օգտվելու պետական միասնական գրանցամատյանից:
Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ-ում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս:
Հիշեցնենք, որ սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Այդ տեղեկություններն այսօր էլ հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո:
Մյուս կողմից, Սրբուհի Գալյանի պարզաբանմամբ, օրենքի ընդունումն ուղղված է նաև թափանցիկություն ապահովելուն և հստակ պարզելուն, թե, օրինակ, իքս լրատվամիջոցը կոնկրետ ում է պատկանում, այդ թվում՝ փոխկապակցված անձանց շրջանակով: