ՀՀ վարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացնում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին.
«Շատ բարդ և անսպասելի ժամանակներ և իրավիճակներ ունեցանք: Եվ այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է և, իհարկե, վերջին երեք ամիսներին Ոստիկանությունն այս առումով շատ ծանր աշխատանք է կատարել, ըստ էության՝ անդադար աշխատանք, և այդ աշխատանքի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել, և ընկալումներ են փոխվել, բայց ես էլի ուզում եմ ասել, որ առաջիկայում համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Ինչքան էլ հասկանալի է, որ, իսկապես, Ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում և պետք է նոր էներգիա հաղորդել, ինչքան էլ դա անհնար թվա: Եվ ես, շնորհավորելով պարոն Ղազարյանին՝ Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու առիթով, ուզում եմ ասել, որ ամնաառաջին խնդիրը կայանում է նրա այդ էներգիայի հաղորդելը, ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ, ավելի ճիշտ, հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Իհարկե հույս ունենք և համոզված ենք, որ համավարակը ժամանակավոր է, և համոզված ենք, որ մենք այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ, բայց ոստիկանության գործառույթները շարունակում են բոլոր իրավիճակների համար առանցքային մնալ՝ ՀՀ-ում իրավակարգի և մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության անվտանգության, պահպանության առումով, բայց կրկին ուզում եմ ասել, որ այս բոլոր գործառույթները խտացնելով՝ ես կարող եմ տալ հետևյալ ձևակերպումը. Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն, և մյուս կողմից, Ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս, ՀՀ քաղաքացին իրեն պետք է զգա պաշտպանված: Ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս՝ ՀՀ քաղաքացին այդ մարդուն պետք է ընկալի որպես յուրայինի, որպես մերձավորի, ում աներկբա, առանց կասկածելու կարելի է դիմել սեփական խնդիրները, իհարկե, անվտանգության և իրավունքի հետ կապված խնդիրները լուծելու առումով: Սա մեծագույն խնդիրն է, որը մենք պետք է լուծենք: Երրորդ Հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ ունեցել է բարդություններ: Երբեմն եղել է, որ պատկառանքի դոզան եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի և սրանից բխող նեգատիվ այլ զգացումների հետ: Երբեմն եղել է, որ պոզիտիվն էնքան շատ է եղել, որ ընդհանրապես էդ ձգվածության և զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել… Ըստ էության, յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, ով շփվում է ժողովրդի, քաղաքացու, այդ թվում՝ հանցագործի և իրավախախտի հետ… Վերջնական արդյունքը պետք է լինի ՀՀ ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ ժողովրդի, ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ, ընդհանրապես, մեր ազգի և մեր ապագայի… Պարոն Ղազարյան, ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման կապակցությամբ և ուզում եմ հաջողություններ մաղթել և հենց սկզբից ամենակարևոր խնդիրը. պետք է կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս համատեքստում Ոստիկանության ծառայության որակի արագ նկատելի բարելավման վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: