տուն Հասարակություն Զբոսաշրջային կազմակերպությունները դժգոհել են Ծաղկեվանք և Հոռոմայր տանող ճանապարհներին կուտակված աղբից

Զբոսաշրջային կազմակերպությունները դժգոհել են Ծաղկեվանք և Հոռոմայր տանող ճանապարհներին կուտակված աղբից

210
0

Զբոսաշրջային մի շարք կազմակերպություններ Ամանորի տոնական օրերին Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի պատմամշակութային զբոսավայրերով քայլարշավ իրականացնելով՝  ֆեյսբուքյան հարթակում բազմաթիվ դժգոհություններ ու ահազանգեր էին հնչեցնում՝ կապված հատկապես համայնքի տարածքում գտնվող Ծաղկեվանք եւ Հոռոմայր տանող ճանապարհներին կուտակված կենցաղային աղբի ու անգամ շինարարական թափոնների վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Հարցի քննարկման նպատակով Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը քննարկում է կազմակերպել Օձուն խոշորացված համայնքի եւ նրա կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու անդամների, մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների եւ զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Դուք շատ լավ գիտակցում եք, որ զբոսաշրջությունը հանդիսանում է մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից մեկը, մինչդեռ համայնքը, չկատարելով իր պարտավորությունը, այն է՝ կատարել պատշաճ աղբահանություն և չպահպանելով հատկապես զբոսաշրջային վայրերի մաքրությունը՝ ուղղակիորեն խոչընդոտում է այս ծրագրի իրականացմանը»,-ասել է Մարկոսյանը:

Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը պատճառաբանություն է ներկայացրել տարածքների դժվարամատչելի լինելու վերաբերյալ՝ նշելով նաեւ որ նախորդ տարիներին մատչելի վայրերում շուրջ տասը աղբավայր են փակել:

Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանը ներկայացրել է, որ, պարբերաբար շրջայց կատարելով, պատրաստ է փաստել, որ աղբ կուտակված է անգամ այն վայրերում, որոնք դժվարամատչելի չեն եւ նշել է, որ կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնելու համայնքին զբոսաշրջային նշանակության ու հատկապես դժվարամատչելի վայրերի մաքրման հարցում՝ առաջարկելով նրանց հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

«Խնդիրն այն է, որ աղբը թափվում է պարբերաբար ու ձեր բնակիչների կողմից»,-իր ուսումնասիրության արդյունքներն է ներկայացրել Գեւորգ Վարդանյանը:
Փոխմարզպետն անդրադարձել է նաեւ համայնքում աղբահանություն իրականացնող ՀՈԱԿ-ի գործունեությանը, եւ այս առումով եւս մի շարք խնդիրներ են ամրագրվել: Ընկերությունը պատշաճ աղբահանություն չի իրականացնում, մինչդեռ վճարվում է ամբողջ ծավալով, աղբահանության վճարները եւս համայնքի բնակիչներից կանոնավոր չեն գանձվում: Համայնքը նախորդ տարիներին բնակիչների նկատմամբ ոչ մի վարչական վարույթ չի կիրառել, աշխատանքները պատշաճ չկատարելու համար երբևէ պատասխանատվության չի ենթարկվել նաեւ աղբահանություն իրականացնող ընկերությունը:

Նշվել է, որ վերջինիս հետ կնքված պայմանագիրը պետք է փոփոխվի, կանոնադրությունը՝ եւս, քանի որ այն համայնքի շահերից չի բխում:

«Օձուն խոշորացված համայնքի տարածքում պատշաճ աղբահանություն այսուհետ ևս չիրականացնելու դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով համայնքի ղեկավարի նկատմամբ կհարուցվի վարչական վարույթ, նույն մոտեցումը կկիրառվի նաև մյուս համայնքների ղեկավարների նկատմամբ»,-ասել է Մարկոսյանը: