Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է: «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Հայաստանում հաշմանադամություն ունեցող անձանց խնդիրներին:
«Ցավոք սրտի, հունվարի 1-ից զբաղվածության մասին նոր օրենքը, որ ուժի մեջ մտավ, ունի փոփոխություններ դրական եւ բացասական: Եթե առաջ պետությունը 2 տարով էր տալու գործատուին փոխհատուցում հաշմանադամություն ունեցող մարդուն աշխատանքի վերցնելու համար, ապա հիմա տրվելու է կես տարով: Այսինքն ծրագիրը կրճատվել է»,-ասաց Ալավերդյանը:
Ըստ «Ունիսոն» ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանի, բացասական կողմերից մյուսն այն է, որ ոչ բոլոր խմբերի հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որ կարող են ուղեկցորդ ունենալ:
«Ուղեկցողի դեպքում, որպես ծրագիր, սա անարդյունավետ է գործելու: Եթե հաշմանդամություն ունեցող անձին տրամադրում են 6 ամիս ժամկետով ուղեկցող, ապա ինչ պետք է անի այդ անձը 6 ամիս անց: Այսինքն պետք է աշխատավարձ ստանա ու իր գրպանից հանի գումար՝ տա ուղեկցողին, որպեսզի կարողանա գնալ աշխատանքի: Որովհետեւ, եթե մարդը կույր է՝ վեց ամիս հետո չի սկսելու տեսնել, կամ եթե սայլակի վրա է, չի կարող քայել»,- ասաց Չալիկյանը: