Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոտանջյանն անդրադարձել է իր` ՀՀ ոստիկանությանն ուղղած նամակինˋ նշելով, որ օրեր առաջ դիմել է ոստիկանություն, որպեսզի ապահովեն իր անվտանգությունը, քանի որ ԵԽԽՎ-ում իր հնչեցրած հարցից հետո ՀՀԿ ներկայացուցիչներից մի քանիսը սպառնացել են իրեն: Նա ավելացրել է, որ ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել իր անվտանգությունը, և որ հիմա ամեն քայլափոխի նրան ուղեկցում են ոստիկանները: Լրագրողների այն հարցին, թե արդյոք իրատեսական համարում է, որ ասենք, օրինակ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը կարող է իսկապես նրան վնասել, Փոստանջյանը պատասխանել է.«ՀՀ-ում արդեն երկար տարիներ է, ինչ կարծիք արտահայտողների նկատմամբ հետապնդում է իրականացվում, իսկ բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում կան կրիմինալներ, որոնցից մի քանիսը հրապարակավ ինձ սպառնացել են, այնպես որ չեմ բացառում»: Լրագրողների այն հարցին, թե ինչքանով էր տեղին ԵԽԽՎ-ի ամբիոնից նման հարց հնչեցնելը, արդյոք չկային ավելի կարևոր հարցեր, և արդյոք տեղին էր նման հարց տալ մի մարդու, ով մեր երկրից դուրս ներկայացնում է ամբողջ հայությանը, Փոստանջյանը պատասխանել է. «Ես Սերժ Սարգսյանին չեմ ընդունում որպես մեր երկրի նախագահ և կարծում եմ, նա մեր երկրից դուրս ներկայացնում է միայն իր կրիմինալ հանցախմբին»: Պատգամավորն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում իր կողմից հնչեցրած հարցիˋ Սերժ Սարգսյանի տված պատասխանին, նշելով, որ վերջինս իր պատասխանով ցուցմունք է տվել իր իսկ նկատմամբ: Զարուհի Փստանջյանն անդրադարձել է նաև հրապարակախոս Զորի Բալայանի նամակին. «Սարսափելի է, երբ մտածում ես, որ հայ մարդը կարող է կողմ լինել բռնապետությանը 21-րդ դարում, դա ուղղակի սարսափելի է»:
Էմմա Պալյան
Լուսանկարը` Photolur-ի
Հ.Գ. Զարուհի Փոստանջյանի հետևում նրա անվտանգությունը ապահովող ոստիկանն է: