2014-ին ձվի շուկայում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երկու դիտարկում է անցկացրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը: Նրա խոսքով՝ առաջին դիտարկման արդյունքում կասեցվել և շուկայից հանվել է 400 ձու, իսկ երկրորդի ժամանակ ոչնչացվել 4860 ձու, որոնք չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգերին և եղել են ժամկետանց:
Այս ստուգումները եղել են բողոքների հիման վրա (պլանային չեն) և ընդգրկել են ձու ներկրող բոլոր 4 ընկերություններն ու մանրածախ վաճառքի կետերը՝ Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում: Ղուլյանը նշեց, որ Զատիկին ընդառաջ ևս դիտարկումներ են անցկացվելու: Եթե ձվի արտադրության ժամկետը մինչև 7 օր է, ապա այն համարվում է դիետիկ, եթե 8-25 օր է՝ համարվում է սեղանի ձու և, եթե 26 և ավելի օր է՝ համարվում է ժամկետանց: