տուն Լուրեր Երևան քաղաքի ամբողջ պատմությունը աղավաղվում է. Ճարտարապետ

Երևան քաղաքի ամբողջ պատմությունը աղավաղվում է. Ճարտարապետ

69
0

12

Ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը գտնում է, որ Աֆրիկյանների տունը քանդելու խնդիր բնավ չկա:

«Դա միայն մի շենքի խնդիր չէ՝ կլինի Աֆրիկյանների, թե Աբովյան փողոցի մեկ այլ շենք: Խնդիրը բազմաշերտ է: Նախևառաջ ճարտարապետները չեն արժևորում շենքերը, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ դա քանդման ենթակա չէ: Եթե ճարտարապետն ասում է, թե տվյալ շենքն արժեք չի ներկայացնում, հետևաբար՝ պետությունն էլ չի արժևորի այն: Ստացվում է, որ մենք ամբողջ 19-20-րդ դարերի ժառանգությունն այսպես կորցնում ենք: Ինչո՞ւ է հայը միշտ իր պատմությունից փախչում: Փակ շուկայի հետ էլ նույն կերպ վարվեցին, ասելով, թե ֆասադը պահպանվել է, բայց միայն ֆասադն արժեքը չէ: Նարեկ Սարգսյանն էլ ասում է, թե այնտեղ լուրջ մագիստրալի խնդիր կա: Ինչ մագիստրալ, երբ այն տասնհինգ մետր լայնությամբ փողոց է: Աֆրիկյանների տունը քանդելու խնդիր բնավ չկա»,- ասում է ճարտարապետը:

Մարիամ Խաչատրյանը նշում է, որ տեղափոխման մասին խոսում են տասնյակ տարիներով, բայց չկա մի դեպք, որ մեկ այլ տեղ տեղափոխված լինեն:

«Տասնյակ տարիներով խոսում են տեղափոխման մասին, շենքերի ֆասադները համարակալում, քանդում տանում են, բայց մի դեպք չկա, որ մեկ այլ տեղ տեղափոխած լինեն: Համարակալելն էլ ձևական բնույթ է կրում, որպեսզի ասեն, թե իրենք տեղափոխում են, ոչ թե քանդում: Գոնե մի անգամ ճարտարապետները պետք է ասեն, որ շենքը մի քիչ հետ տան՝ կորություն լինի, այդպես նույնիսկ մեքենաները չեն զգա փոփոխությունը: Օդում ասելով չէ, թե իրենք արժևորում են շինությունները: Երևան քաղաքի ամբողջ պատմությունն աղավաղվում է»: