Ադրբեջանի տխրահռչակ ղեկավարը կրկին հիշել է Ղարաբաղը. բնականաբար՝ իրեն հարազատ ամպլուայի մեջ: Օրերս Սոչիում կայացած «Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում Իլհամ Ալիևն արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ՝ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»,- ընդգծել է Ալիևը: Նա նաև հիշատակել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսություն սկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Դիվանագիտական բառամթերքն իհարկե իրականության ճիշտ արտացոլումը չէ: Նախընթաց իրադարձություններն ու Հայաստանի և Արցախի իշխանությունների գործողությունները վկայում են բոլորովին հակառակ պատկերի մասին: Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է գոհացնի բոլոր կողմերին, ընդգծելով հայկական կողմի խաղաղասիրական ու կառուցողական նկրտումները, մինչդեռ, ըստ ՀՀ վարչապետի, հենց Ալիևյան Ադրբեջանն է խարխլում կոնֆլիկտի կարգավորման հիմքերն ու հնարավորությունները… Աներկբա է, որ Ադրբեջանի նախագահը հերթական պատեհությունն է օգտագործել իր երկրի ներքին խնդիրներից շեղելու համար. սա նրա դասական ու անփառունակ հնարքն է: Միևնույն ժամանակ սա չի նշանակում, թե մենք պետք է փիլիսոփայորեն վերաբերվենք նրա հայտարարություններին: Նա միշտ էլ ճառ կասի, իսկ մենք պարտավոր ենք զանգ կախել, ասել է թե՝ գործել, ընդ որում՝ բոլոր հնարավոր և ողջամիտ ուղղություններով: Այս համատեքստում հիշատակենք, որ վերջին օրերին Հայաստանում և Արցախում ընթացան լայնածավալ ռազմավարական զորավարժություններ, ինչը փաստում է, որ հայկական կողմը զգոն է և մշտարթուն: Անդրադառնալով խնդրո առարկային՝ Ararat.news.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ալիևի հայտարարության մեջ որևէ նորություն չկար և, որ նա նման հայտարարություններ բազմիցս է կատարել:

«Սովորաբար Ադրբեջանի ներսում իրենց համար ավելի ականջահաճո բաներ է հայտարարում: ՀՀ ԶՈւ-երի զորավարժությունները պլանավորված էին վաղուց և որևէ ուղիղ կապ չունեն Ալիևի հայտարարության հետ: Դրանք մեր մարտունակության բարձրացման համար են և նպատակային են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Ի դեպ, վերջին զորահավաքի հետ կապված՝ խոսակցություններ կան այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության որոշակի քանակությամբ ավտոբուսներ դուրս չեն բերվել երթուղի, որպեսզի հարկ եղած դեպքում՝ դրանցով տեղափոխեն զորավարժությունների մասնակից զինվորականներին: Մեր ճշտող հարցին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշեց

«Հասկանալի պատճառներով, որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Բայց կարող եմ, առանց մանրամասների մեջ խորանալու ասել, որ վերջին զորահավաքում Երևանն ու երևանցի զինապարտները մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշ են տվել»:
Արա Ալոյան