Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում մեկնարկեց ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը: Կոնֆերանսն սկսվեց պանելային քննարկմամբ՝ «Ներդրումների ներգրավում հայաստանյան և արտասահմանյան աղբյուրներից տեխնոլոգիական ընկերությունների գործունեության վաղ շրջանի համար» թեմայով, որին մասնակցեցին ներկայացուցիչեր Google և PicsArt ընկերություններից, ինչպես նաև Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից:
Կոնֆերանսի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը: Կոնֆերանսի ընթացքում հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի ուշադրությանը կներկայացվեն 25 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ հետազոտողների, նորարար թիմերի և սկսնակ ընկերությունների կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, բարձր և բիո-տեխնոլոգիաների, ինչպես նաև ճարտարագիտության ոլորտներում:
Վաղը ժամը 18:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ և կհայտարարվեն մրցույթի հաղթողները:
Վենչուրային ֆորումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ: