Խոր ցավով ընդունեցինք հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելիի մահվան լուրը:
Դեռևս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ ընկերներն անցկացրեցին Երևանում`2009 թ. մայիսին: Երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. փողոցներում և համերգային դահլիճներում, բոլոր համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում:
«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել էր քաղաքային տոնի, Երևան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաև` Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը (հարվածային) և Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ): Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ «Երևանյան հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին: Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով:
Կատարվեց հայտնի Styx-ը`մեծ նվագախմբի, երգչախմբի և ջութակի համար (մենակատար` Գիդոն Կրեմեր): Համերգներին ընտրված էին մասնակցելու մեր լավագույն նվագախմբերն ու երգչախմբերը: Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել,որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները և պարզապես` իր երաժշտության և մարդկային կերպարի սիրահարները:
Հիշեցնենք, որ նրա հեղինակային ստեղծագործությունները հնչել են «Մի՛ վշտանա» (1968), «Միմինո» (1977), «Կին ձա ձա» (1986) եւ այլ ֆիլմերում։
Կանչելին Վրացական ԽՍՀ Ժողովրդական արտիստ էր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, «Նիկա»-ի մրցանակակիր լավագույն երաժշտության համար «Կին ձա ձա» ֆիլմում։ 1993-ից ապրում էր Բելգիայում։
Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում, այնտեղ էլ ավարտել է կոնսերվատորիան։ 1967-1986 թվականների ընթացքում գրել է յոթ սիմֆոնիա, Չորրորդ սիմֆոնիայի համար 1976 թվականին կոմպոզիտորը ԽՍՀՄ Պետական մրցանակ է ստացել։ 1991-ից ապրել է Գերմանիայում եւ Հոլանդիայում։
Նա Խորհրդային Միության Ժողովրդական արտիստ էր, Վրաստանի Պետական մրցանակի դափնեկիր։
Սիրով հրապարակում ենք որոշ լուսանկարներ` «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» արխիվից` համոզմունքով, որ նրա հիշատակը մշտապես վառ է մնալու բոլոր հայ երաժշտասերների սրտերում: