տուն Հասարակություն Առողջապահություն Երևանյան դեղատներում բժշկական դիմակների գինը բարձրանում է պահանջարկին զուգահեռ

Երևանյան դեղատներում բժշկական դիմակների գինը բարձրանում է պահանջարկին զուգահեռ

364
0

Բժշկական դիմակների պահանջարկը այս օրերին երևանյան դեղատներում ավելացել է` կապված աշխարհում կորոնավիրուսի արագ տարածման հետ: Այս օրերին, այցելելով մի քանի դեղատներ, Araratnews.am-ը փորձեց պարզել՝ ինչպես են սպառվում բժշկական դիմակները եւ գնային ինչ փոփոխության են ենթարկվել:

«Հիմա եթե բժշկական դիմակ ուզեք, դեղատանն այս պահին չկա. այդքան արագ վաճառվում են: Լինում է, որ գալիս ու արկղերով տանում են»,- մեզ հետ զրույցում պատմեց դեղատներից մեկի աշխատակիցը:

Մյուս դեղատներն էլ դիմակ գնել ցանկացողների պակաս չունեին։ Ինչպես նշեցին աշխատակիցները` դիմակներ գնում են բոլորը` անկախ տարիքից: Համաճարակի տարածման հետ կապված՝ դեղատներում նոր տեսակի դիմակներ չեն ստացել, շարունակում են սպառվել սովորական դիմակները:

Սակայն բոլոր դեղատներում չէր, որ դիմակի գինը նույնն էր մնացել. դրանցից մեկում այն արժեր 30 դրամ, մյուսում դարձել էր 50, մեկ ուրիշում` 70, մեկ այլ դեղատանն այն բարձրացել էր մինչեւ 100 դրամ։

Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքից տարածված կորոնավիրուսն արդեն հասել է աշխարհի մի շարք երկրներ: Կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց թիվը հասնում է 361-ի, ևս 17.205 մարդ վարակված է:

Չինաստանից դուրս, աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 148-ի: Հունվարի 31-ից էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային արտակարգ դրություն է հայտարարել: