տուն Լուրեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր

174
0

phpThumbՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան  արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ հ. 2042 կրթահամալիր:
Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն և պարսկերեն: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայում սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են:

Դպրոցի տնօրեն,  ՌԴ պատվավոր ուսուցիչ Սեդա Գալոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով հաստատության պատմությունն ու իրենց կողմից իրականացվող աշխատանքները, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին դպրոց այցի համար, նաև հավելել, որ կրթօջախն իսկապես հատուկ կարևորություն ունի Մոսկվայի հայ համայնքի կյանքում` իր նպաստը բերելով հայոց լեզվի և հայապահպանության հարցում:

Տարոն Մարգարյանն իր հերթին, կարևորելով կրթահամալիրի դերակատարումը աշակերտների հայրենասիրական դաստիարակության հարցում, ընդգծել է, որ այն իսկապես կարևոր նշանակություն ունի Մոսկվայի հայ համայնքի հայեցիության պահպանման ու խթանման պատասխանատու առաքելության գործում:

<<Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը կառավարում է նման կրթահամալիր, որն իսկապես ազգերի բարեկամության ամրապնդման լավագույն օրինակն ու ապացույցն է: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է ձեր կողքին լինելու և աջակցելու Երևանի հանրակրթական դպրոցների հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ դպրոցի տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել  է կրթահամալիրի գործունեությանն ու նաև մասնակցել Մոսկվայում Երևանի օրերի կապակցությամբ կազմակերպված երեկույթին:

Հատկանշական է, որ Երևանից ժամանած հյուրերին իրենց ելույթներով ողջունել են ինչպես հայ, այնպես էլ դպրոցի այլազգի աշակերտները:  Դահլիճում ներկա հանդիսատեսը հատկապես բուռն է արձագանքել ազգությամբ ոչ հայ սաների հայկական կատարումներին և  պարային համարներին:

Երեկույթի ավարտին սաների Երևան այցը կազմակերպելու ուսուցիչների խնդրանքին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կնախաձեռնի համապատասխան քայլեր երեխաների ցանկությունը հնարավորին արագ կյանքի կոչելու ուղղությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here