Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն անդրադարձել է Երևանի 92 մանկապարտեզի վերաբերյալ համացանցում տարածված լուրերին:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկն անդրադարձել էր այդ մանկապարտեզում նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումներին:
Գրառմանը կից օգտատերը հրապարակել է նկարներ, որտեղ երևում էին այդ մանկապարտեզ հաճախող երեխաները, ովքեր ամրակապված էին աթոռներին և նա իր վրդովմունքն է հայտնել այդ ամենի կապակցությամբ և ասել էր, որ նմանատիպ դաստիարակությունն անընդունելի է:
Գրառման մեկնաբանություններում երեխաներից մեկի ծնողը գրել է, որ իր փոքրիկը հենաշարժողական խնդիրներ ունի և նրան աթոռին նստացնելու միակ միջոցը կապիչներով պահելն է, այլապես կընկնի:
«Մանկապարտեզում նրանց բռնության չեն ենթարկում, կապիչները բռնության նշան չեն, այլ ապահովություն, որ երեխան չի ընկնի՝ չի վնասվի»,- նշել է մանկապարտեզի սաներից մեկի ծնողը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիր ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունի հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս սեփական անվասայլակներով:
«Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ: Այդ աթոռներից անհրաժեշտության դեպքում օգտվում են նաև նախաներառական խմբերում ընդգրկված գերակտիվ երեխաները: Յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, մանկավարժի երկու օգնական, ինչպես նաև՝ նեղ մասնագետները: Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ և փորձառու 18 տարբեր մասնագետից: Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» ԱԿ-ը: Պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը: Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երևանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր: Այնուհանդերձ, հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ: