Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց Հանրապետության հրապարակում 2020-ը դիմավորելու միջոցառումների ցանկը։
Նա նշեց, որ դեկտեմբերի 31-ի ծրագիրը կսկսվի 22։00-ից. սկզբում հայ արտիստները կներկայացնեն իրենց լավագույն երգերը։ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը երգի պրեմիերա կունենան, այնուհետև Գորան Բրեգովիչը և իր նվագախումբը համերգ կտան։
Ինչ վերաբերում է միջոցառումների ծախսերին․ «Քաղաքապետարանը ամանորյա ծախսերը վերջին 2 տարիներին որևէ կերպ չի ավելացրել,- շեշտեց Վիրաբյանը՝ հավելելով,- 2017-ին Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսվել է 199 մլն 46 հազար դրամ, 2018-ին 167 մլն 800 հազար դրամ և 2019-ին՝ 158 մլն 512 հազար դրամ, վերջին 2 տարիներին ամանորյա միջոցառումների ծախսային մասում ունենք 40 մլն դրամի նվազում»։
Փոխքաղաքապետի խոսքով՝ Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվում է հեքիաթային քաղաք, տոնական օրերի համար պատվիրվել է վերգետնյա անցում հիմնական տոնածառին մոտենալու համար։
2750-ամյակի այգում կազմակերպվելու է հայտնի Christmas Market։
Փոխքաղաքապետը նշեց, որ պատահական չէ տեղի ընտրությունը․ այն պետք է մտնի ընդհանուր միջոցառումների բովանդակության և տրամաբանության մեջ, այն չի կարող լինել պարզապես վաճառակետ և պարունակելու է մշակութային բաղադրիչ։ Վիրաբյանն ասաց, որ մարկետի կազմակերպման աճուրդը իրականացնում է քաղաքապետարանը, և գործընթացն արվում է թամփանցիկ։
Նա ասաց, որ 2750-ամյակի այգում մինչև հունվարի 13-ը հնչելու է լավ երաժշտություն, լինելու են հետաքրքիր միջոցառումներ։
Վիրաբյանը նշեց, որ դեկտեմբերի 21-ին տոնական լույսերի վառման արարողության ժամանակ հրապարակում կլինի ամանորյա մյուզիքլ, և մի շարք հայ արտիստներ ելույթ կունենան մյուզիքլում որպես դերասաններ՝ Էրիկ Կարապետյան, Սոֆի Մխեյան և այլն․ «Ընտրությունն արվում է միջոցառման ձևաչափին համապատասխան»,- ասաց նա։