Տարոն Մարգարյանի կողմից ձևավորվող հանձնաժողովը, որը պետք է քննարկի տրանսպորտի սակագինը, կարծես գոհացրել է միայն Հանրապետական «մեծամասնությանը», Հենրիկ Նավասարդյանին և «գծատերերին»։ Ավագանու «Բարև Երևան» և ԲՀԿ խմբակցությունները հրաժարվել են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, ինչին ի պատասխան Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ նրանք խուսափում են պատասխանատվությունից, սրանով իսկ բացահայտելով հանձնաժողովի բուն նպատակը։ Իհարկե, եթե ստեղծվող հանձնաժողովի նպատակը իր և իր մյուս գծատեր-կոլեգաների գերշահույթ ստանալու համար տրանսպորտի թանկացման որոշումը լեգիտիմացնելն է, բնականաբար, յուրաքանչյուր քիչ թե շատ պատասխանատու անձ, գործիչ պետք է խուսափի նման պատասխանատվությունից։ Հանձնաժողովի միակ, ամեն գնով սակագնի թանկացման որոշումը լեգիտիմացնելու նպատակի մասին են վկայում նաև մի շարք այլ հրավիրյալների արձագանքները, որոնք ևս կա՛մ հրաժարվում են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, կա՛մ դժգոհում են հանձնաժողովի կազմման ընթացակարգից։ Այս իրավիճակում Տարոն Մարգարյանի նախաձեռնությունը ի սկզբանե տապալված կարելի է համարել, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ խոսվում է քաղաքացիական հանրության կողմից մեկ այլ հանձնաժողովի ձևավորման մասին։ Այս դեպքում ՏԻՄ մարմնի կողմից կազմված հանձնաժողովը իր լեգիտիմությամբ վստահաբար զիջելու է հանրության կողմից ձևավորվածին, քանի որ իր հիմքում ունենալու է նաև մի քանի հազարանոց ամուր սոցիալական հենարան․ քաղաքացիներ, որոնք ստիպեցին Տարոն Մարգարյանին կասեցնել իր որոշումը։ Այս պայմաններում Տարոն Մարգարյանը լուրջ խորհելու պատճառ ունի, քանի որ եթե հանրության ձևավորած մարմինը իր լեգիտիմությամբ գերազանցում է պետական մարմնին, ապա նշանակում է, որ փաստացի այդ պետական մարմինը գոյություն չունի, հետևաբար գոյություն չունի նաև քաղաքապետ։
Սևակ Մամյան