Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Իր ելույթում Արման Թաթոյանը մասնավորապես նշեց.
«Միջազգային հանրապետական ինստիտուտ հեղինակավոր կազմակերպության 2019 թվականի հետազոտության տվյալներով՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահության ցուցանիշը 63 տոկոս է, իսկ բացասական կարծիք ունի 12 տոկոսը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ծրագրի արդյունքների համաձայն, քաղաքացիները նշել են, որ պաշտոնյաների կոռուպցիոն վարքագծի մասին տեղեկացնելու համար երկրի վարչապետից ու ոստիկաններից հետո կդիմեին ՄԻՊ-ին՝ 23 մարմինների ու կառույցների թվում: Սա այն դեպքում, երբ օմբուդսմենն իրավապահպան կամ արդարադատության որևէ գործառույթ չունի: ՄԻՊ-ի 2019 թվականի գործունեությունը տարվել է լայն շրջանակի ոլորտներում և զգայուն իրավիճակներում»: