տուն Հասարակություն Երկրաշարժե՞րն են հաճախակիացել, թե՞ սեյսմոլոգիական ցանցն է գերարդիական. պարզաբանում է մասնագետը

Երկրաշարժե՞րն են հաճախակիացել, թե՞ սեյսմոլոգիական ցանցն է գերարդիական. պարզաբանում է մասնագետը

318
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղական ժամանակով ժամը 07:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:14-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.340 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2,2 մագնիտուդով երկրաշարժ:

Առհասարակ, վերջին շրջանում ստորգետնյա ցնցումների հաճախակիության պատճառը պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետ Սոս Մարգարյանի և ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանի հետ:

AraratNews.am-ի հետ զրույցում ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետ Սոս Մարգարյանը նշեց, որ ցնցումները պայմանավորված են Հայաստանի սեյսմոակտիվ գոտում գտնվելու հանգամանքով և բնականոն սեյսմոտեկտոնական գործընթացներով. «Այստեղ մի նրբություն կա. հիմա մենք ունենք շատ արդի, գերարդիական սեյսմոլոգական ցանց, որը թույլ է տալիս գրանցել ընդհանրապես ամեն ինչ հենց մեր տարածաշրջանում` նկատի ունեմ ամենաթույլ 0.1 մագնիտուդից սկսած, որ արտապատկերվում է մեր քարտեզների վրա: Թվում է, թե երկրաշարժերն են շատացել: Չէ, երկրաշարժները չեն շատացել, ուղղակի, հիմա ցանցը լավ է աշխատում. այդ ամենը երևում է»:

Հարցին, թե նախկինում սեյսմոլոգիական ցանցն արդյոք թերի էր գործում, ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետը պատասխանեց. «Հիմա ամեն ինչ թվային է: Նոր ցանցը թույլ է տալիս նույնիսկ ամենաթույլ երկրաշարժերը գրանցել»:

Այն նկատառմանը, որ 2,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, Սոս Մարգարյանը հավելեց, որ Սպիտակը մեր ամենաակտիվ երկրաշարժի օջախներից մեկն է. «Սպիտակում մենք ունենք օջախ ու մոնիթորինգի տակ ենք պահում ամբողջ Հայաստանը, ոչ միայն Սպիտակը»:

ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը AraratNews.am-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ դրանք թույլ ցնցումներ են ու դրանցից պետք չէ վախենալ. «Սեյսմիկ գոտում ենք, ու այդ 2 բալանոց ցնցումները միշտ եղել են ու կլինեն, որովհետև մենք նմանատիպ գոտում ենք: Աշխարհում նման գոտիներ շատ կան: Ավելի մեծ աղմուկ են բարձրանում, քան իրականում կա»:

ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղարը հավելեց, որ, ընդունված կարգի համաձայն, 3 բալից ավելի ցնցումներն են երկրաշարժ համարում: