«Ես չեմ ուզենա անդրադառնալ, արձագանքել որոշ բաների: Հայաստանը շատ լավ թիմով է աշխատել Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելիս, ծախսել ենք ընդամենը 33 մլն դրամ չորս տարիներին»,- այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը:
Նա նշել է, որ բանակցային գործընթացում ներգրավված են եղել լավագույն մասնագետներ, վիդեոկոնֆերանսների ձևաչափն են օգտագործել, արդյունավետ են բանակցել: «Ուրախ եմ և հպարտ, որ նման գործընկերներ եմ ունեցել, շատ ուշադիր ենք եղել համաձայնագրի բոլորի կետերի նկատմամբ: Շատ լավ գիտեինք՝ մեզ մոտ ձկնորսություն կա, թե ոչ, ուզում ենք ձկնորսության ոլորտում բանակցել, թե ոչ»,- նշել է նա:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ասոցացման համաձայնագրում Հայաստանի սուվերենության կորստի վերաբերյալ կետեր են եղել, փոխնախարարն ասել է. «Երկու կողմերը պատրաստել են մի մեծ համաձայնագիր, որտեղ չի եղել մի կետ, որ Հայաստանն իր սուվերենությունը հանձնելու է»:
Էմմա Պալյան