ԱԺ ՀԱԿ խբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը խորհրդարանում 2014 թավականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձել է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վատ վիճակին՝ մեղադրելով կառավարությանը:
Նա նշել է, որ խնդիրները չեն լուծվում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բաձրացմամբ: Ի՞նչ խոսք, պաշտոնյաների աշխատավարձերը պետք է բարձրանան, սակայն քչերն են հավատում, որ Հայաստանում դրանից հետո թալանը կպակասի, ինչ-որ բան կփոխվի: Դեմիրճյանը նշել է, որ մի քանի տարի առաջ դատավորների աշխատավարձը բարձրացվեց, սակայն կոռուպցիան այդ ոլորտում չնվազեց, համակարգի նկատմամբ վստահությունը չբարձրացավ: Նա ասել է, որ աշխատավարձի բարձրացումը հասկանալի կլիներ, եթե չընդունվեր գործազրկության նպաստից զրկող օրինագիծը, չլիներ խզվող տարբերությունը ժողովրդի և պաշտոնյաների միջև, եթե էականորեն բարձրանային նաև թոշակները:
Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝ ակնհայտ է, որ կառավարությունը չի ապահովելու այս տարվա համար նախատեսված տնտեսական աճը, լուրջ կասկածներ է առաջանում նաև հաջորդ տարվա համար կանխատեսվող տնտեսական աճի ապահովման համար: Ըստ նրա՝ երկրում ձևավորվել է արատավոր համակարգ, որից ձերբազատվելու դեպքում է միայն հնարավոր առաջընթաց ապահովել: «Երկիրն այդ վիճակից դուրս բերելու համար առաջին հերթին պետք է վերացնել վստահության ճգնաժամը, ինչն այս կառավարությունն ի վիճակի չէ անել»,- հայտարարել է Դեմիրճյանը: