Երիտասարդական խորհրդարանն այսօր քննարկում է այնպիսի օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչը՝ թողնելով միայն կամավորը: Նախագիծը ներկայացրել են Երիտասարդական խորհրդարանի ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն և ԲՀԿ խմբակցությունները, ինչպես նաև անկախ պատգամավորական խումբը:
Նախագիծը բազմաթիվ հիմնավորումներ ունի, որոնք ներկայացված են 2 խմբով՝ իրավական և տնտեսական: Տնտեսական հիմնավորման մեջ, ի թիվս բազմաթիվ փաստարկների, կատարված է հաշվարկ, թե այսօրվա միտումների պահպանման դեպքում (գնաճ, միջին աշխատավարձի աճ և այլն) որքան թոշակ կստանա համակարգին վճարումներ կատարած միջին քաղաքացին, երբ անցնի թոշակի: Այսօրվա համարժեքով այդ թիվը կազմում է մոտ 40 հազար դրամ, իսկ ներկայիս միջին թոշակը 36 հազար դրամ է: Եվ սա՝ լավագույն դեպքում (եթե տնտեսական ցնցումներ չլինեն): Այսինքն՝ այս համակարգի ներդրումը, ըստ հեղինակների, չի ապահովելու արժանապատիվ թոշակ, ինչպես պնդում են համակարգը ներդրողներն ու կառավարությունը:
Նախագծի քննարկումը այս պահին շարունակվում է և այն դրվելու է քվեարկության: