Իրաքում եզդիների նկատմամբ հալածանքները շարունակվում են: Մեկ շաբաթ առաջ «Սիրիայի և Լեվանտի հանրապետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներով թռուցիկներ էին տարածել, որտեղ կոչ էին արել եզդիներին հեռանալ իրենց բնակավայրերից հակառակ դեպքում նրանց կսպանեն:
Եվ ահա մեկ շաբաթ անց, երբ սկսվեց եզդիական Խդր Նաբի տոնակատարությունը, Իրաքի հյուսիսային մասի Կհուչե շրջանի Դահուլ բնակավայրում իսլամիստները սպանել են 3 եզդիների: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի սահմանից 6 կմ հեռավորության վրա:
Իրաքում եզդիների բնակավայրերը տեղակայված են Սիրիայի սահմանամերձ տարածքներում: Ինչպես AraratNews.am-ին փոխանցում են տեղաբնակ եզդիները, իսլամական նշյալ խմբավորման անդամները փորձում են հաստատվել եզդիական բնակավայրերում և այդտեղից հարձակումներ իրականացնել Սիրիայի ուղղությամբ:
Տեղի բնակչությունն ահաբեկված է, և նրանք կարծում են, որ հարձակումներ նորից տեղի կունենան: Ըստ իրենց տեղեկությունների հարձակումներ են սպասվում նաև եզդիական Խդր Նաբի բուն տոնակատարության օրըˋ այս ուրբաթ օրը: