տուն Հասարակություն Իրավական Երեւանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ 36-ամյա տղամարդը կալանավորվեց

Երեւանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ 36-ամյա տղամարդը կալանավորվեց

336
0

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 39-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս  պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել  36-ամյա տղամարդու:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, Երեւան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող, արյունահոսող վերք, աջակողմյան հեմո-պնեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երեւան քաղաքի 39-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  39-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է,  որ 39-ամյա տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է 2020թ-ի հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կնոջ եղբոր հետ կենցաղային հարցերի շուրջ  ծագած վիճաբանության ժամանակ: Վերջինս դեպքից օրեր անց ինքնական ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ  36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու  վերաբերյալ, ինչը բավարարվել է, միաժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի  կիրառումը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել  է դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: