Ռուս հայտնի բլոգեր Իլյա Վառլամովը ճամփորդել է Երեւանում եւ իր բլոգում պատմել Հայաստանի մայրաքաղաքի մասին, վերնագրելով այն` «Երեւանը, որը ոչ ոք չի սիրում»։
Հայտնվելով Հայաստանում՝ նա գնահատել է, որ երկրում ամեն ինչ էժան է, անգամ չի հասցրել ծախսել բանկոմատից հանած 100 դոլարը։
Իր բլոգում հեղինակը հրապարակել է բազմաթիվ լուսանկարներ Երեւանից եւ մանրամասն պատմել քաղաքի մասին։
Պատմելով Երեւանի ճարտարապետության մասին՝ Վառլամովը նշում է, որ քաղաքում հոգ չեն տարել հին շենքերի մասին։ Դրանցից շատերը կամ ավերվել են, կամ որոշ կտորներ դարձել են ժամանակակից շինությունների ֆասադներ։ Ընդ որում՝ մայրաքաղաքի նոր ճարտարապետությունը բլոգերին դուր է եկել։
«Այստեղ պետք է նշել, որ Երեւանի նոր ճարտարապետությունն ընդհանուր առմամբ վատը չէ։ Ամեն ինչ հանգիստ է, եւ շնորհիվ նրա, որ բոլոր շենքերը երեսպատված են տուֆով, դրանք էժան տեսք չունեն, ինչպես ռուսականները։ Բայց ամեն դեպքում այս փողոցում քեզ հարմարավետ չես զգում. չափազանց անհամաչափելի են նոր կառույցները»,- պատմում է Վառլամովը Հյուսիսային պողոտայի մասին։
Պատմելով քաղաքային մետրոյի մասին՝ Վառլամովը նշում է, որ դրա զարգացումը քաղաքում նպատակահարմար չէ, քանի որ ուղեւորահոսքը քիչ է, եւ մետրոյին այլընտրանք առաջարկում է տրամվայը։
Նրան նաեւ դուր չեն եկել երեւանյան մայթերը, որոնք նրա խոսքով շատ նեղ են։ Հետիոտնային անցումները եւս դուր չեն եկել, քանի որ շատ տեղերում բացակայել են լուսացույցները, եւ փողոցն անցնելն անվտանգ չէ։
Իլյա Վառլամովը երեւանյան իր ճամփորդությունն ամփոփում է նրանով, որ քաղաքում կարելի է զբոսնել եւ վայելել ճարտարապետությունը, սակայն այսպիսի քաղաքում ապրելը «տհաճ է»։ Նա խորհուրդ է տալիս Երեւանի իշխանություններին բարեփոխումներ անել`փոխելով առաջնահերթությունները, իսկ երեւանցիներին`սիրել իրենց քաղաքը։
Հ.Գ. Լուսանկարներից մեկի մակագրությունում Վառլամովը գրել է. «Համոզված եմ, որ շատ վրդովված հայեր կհայտնվեն մեկնաբանություններում`ինչպես թե, զզվելի Վառլամովը համարձակվել է վիրավորել հայ մեծ ժողովրդին և նրանց սիրելի մայրաքաղաքը: Բայց ես պարզապես հրապարակում եմ իմ տեսածի լուսանկարները: Չէ որ կեղտոտում են թե´ Հրազդան գետում, թե´ Կասկադի վրա, Երեւանի ամենագեղեցիկ վայրերում։ Եվ դա անում են ոչ թե զբոսաշրջիկները, այլ տեղացիները։ Հենց երեւանցիներն են քաղաքը աղտոտել ինքնաշինություններով, այն դարձրել ավտոկայանատեղի, լցրել աղբով։ Այժմ կարելի է երկար ժամանակ կուրծք ծեծել եւ սեր խոստովանել հայրենի հողին։ Բայց երբ սիրում ես հողդ` այդպես չես կեղտոտում»։