տուն Հասարակություն Երեխան կարո՞ղ էր արյան պլազմայից ՄԻԱՎ-ով վարակվել

Երեխան կարո՞ղ էր արյան պլազմայից ՄԻԱՎ-ով վարակվել

221
0

Օրերս հայտնի դարձավ, որ մանկահասակ երեխայի մոտ, ով 2019 թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, հայտնաբերվել է ՄԻԱՎ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել: Պարզվել է, որ երեխայի ծնողներն էլ վարակ չեն ունեցել։

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննություն է տարվում։

Ստացվում է՝ երեխան կա՛մ բուժման ընթացքում է վարակը ձեռք բերել, կա՛մ էլ կենցաղային պայմաններում։

«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը լրատվամիջոցների հետ զրույցում չբացառեց այն հանգամանքը, որ երեխան կարող է հենց իրենց ԲԿ-ում վարակված լինել․ «Ոչ մի բան չեմ կարող բացառել, որովհետև պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է․ ո՞նց կարող եմ ես միայնակ որոշում ընդունել»,- ասել է Բաբլոյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեց զերծ մնալ մեղադրանքներ հնչեցնելուց՝ հայտարարելով, որ երեխան կարող է և՛ ԲԿ-ներից մեկում, և՛ տանը՝ կենցաղային պայմաններում վարակված լինել՝ հորդորելով սպասել քննության ավարտին։

Հետաքրքիր էր նաև երեխայի տատիկի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հնչեցված տեսակետը։ Նա մասնավորապես նշում էր, որ երեխան տարբեր հիվանդանոցներում է բուժում ստացել և այդ ընթացքում ստացել է նաև արյան պլազմա՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով արյան բանկից վերցված պլազմայի անվտանգությունը։

Ի վերջո, որտե՞ղ, ինչպե՞ս և ե՞րբ է վարակվել երեխան։

Araratnews.am-ը փորձեց «Պրոֆ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից» ճշտել, թե ինչպես են դոնորներից արյուն վերցնում, և արդյոք այն անցնում է որոշակի հետազոտություն նախքան բանկում հայտնվելը․ հնարավո՞ր է՝ հենց պլազմայից անցած լինի ՄԻԱՎ վարակը երեխային։

Կենտրոնից մեզ պատասխանեցին․ արյան դոնորները մինչ արյունատվությունը, առողջապահության նախարարի կողմից հաստատված համապատասխան կարգերի համաձայն, լրացնում են դոնորի հարցաթերթիկը, պարտադիր անցնում են թերապևտիկ զննում, կատարվում է արյան ընդհանուր քննություն և հետագայում արյունը հետազոտվում է վարակների նկատմամբ։

Հարցին, եթե հանկարծ պազվի՝ պլազմայից է երեխան վարակ ստացել, արդյոք հե՞շտ է պարզել տիրոջ անունը, մեզ պատասխանեցին․ «Արյան բանկում պահվող արյան բաղաղդրամասերի պարկերի վրա նշում են դոնորի անունը, ազգանունը, իսկ վերջնական պիտակը կոդավորվում է դոնորի համարով»։

Մենք կապ հաստատեցինք նաև Քննչական կոմիտեի հետ՝ պարզելու՝ գործն ինչ փուլում է։ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը նշեց, որ «Նախաքննությունը շարունակվում է, հարցաքննվել են երեխայի հարազատները, դեռևս այդքանը»։

Հարցին՝ արդյոք բժշկական կենտրոնների աշխատակիցները, մասնավորապես՝ բժիշկները հարցաքննվե՞լ են,  ՔԿ խոսնակը պատասխանեց. «Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք պետք է հարցաքննվեն»։

Իսկ կա՞ն հստակ տվյալներ, թե քանի հիվանդանոցում է երեխան բուժում ստացել, Հարությունյանը նշեց, որ պարզվում են բոլոր բուժհաստատությունների անունները։

Այն, որ տատիկը խոսում էր նաև արյան պլազմայով վարակվելու հնարավորության մասին, կստուգվի՞ նաև այդ հանգամանքը, ՔԿ խոսնակն ասաց, որ բոլոր մատնանշված հանգամանքների ուղղությամբ քննություն է տարվում։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել երեխայի հարազատների հետ, բայց լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում տատիկը նշում էր, որ դեռևս մայիսին երեխան թմբլիկ, աշխույժ ու ժիր է եղել, բայց այս ամիսների ընթացքում հյուծվել է։