ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ Կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Պաշտպանի դիրքորոշմամբ՝ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի եւ խարանի խորացմանը։
Մասնավորապես, Պաշտպանն արձանագրում է հետեւյալ հիմնարար նկատառումները՝
Սոցիալական տարբեր խմբերին պատկանող եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց համայնքներից տեղափոխելը եւ նրանց համար հատուկ կառուցվող բնակավայրում տեղավորելը հակասում է համայնքում ապրելու հավասար իրավունքին («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա),
Քաղաքի կառուցումը հակասում է նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաք» ծրագրի սկզբունքներին: «Երեխայակենտրոն քաղաք» ստեղծելը չի նախատեսում մեկուսացած բնակավայրերի կառուցում: Ավելի քան 35 երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կարեւորում են համայնքի ողջ բնակչության ներգրավվածությունը երեխայակենտրոն քաղաքների ստեղծման գործում, այլ ոչ թե դրա կառուցումը երեխաներին հասարակությունից մեկուսացնելու կամ առանձնացնելու սկզբունքով,
Ծրագրով նախատեսված միայն կրթության եւ ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող երեխաների եւ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ կրթությունը խնդրահարույց է երեխաների ներառականության տեսանկյունից:
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բարձր առաքելությամբ: Պետությունը պետք է աջակցի, պաշտպանի եւ ապահովի, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն եւ հավասարապես իրացնեն իրենց իրավունքները, ինչպես նաեւ ապահովվի հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:
Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով լրամշակել ծրագիրը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով: