Ըստ Հայաստանի ժողովրդագրական-առողջապահական հարցերի 2010 թ-ի հետազոտության տվյալներիˋ Հայաստանում 0-5 տարեկան երեխաների մոտ առկա է 19 տոկոս թերաճություն: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, հիմնվելով այս հետազոտության տվյալների վրա, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամիˋ առողջության և սնուցման ծրագրերի ղեկավար Լիանա Հովակիմյանը ասում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ այս ցուցանիշը համարվում է հանրային առողջության խնդիր:
«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամըˋ կառույց, որը մասնագիտացված է երեխաների սնուցման հարցում, Առողջապահության նախարարության հետ ձեռարկել է մի շարք գործողություններ, որը հիմնականում ուղղված է կրծքով սնուցման խրախուսմանը, երեխաների համար ճիշտ և ժամանակին հավելյալ սնուցման ապահովմանը, բուժաշխատողների գիտելիքների և խորհրդատվական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև երեխայի խնամքի և սնուցման հարցերով ծնողների կրթությանը»,-ասում է Լիանա Հովակիմյանը
Այս ռազմավարությունը փորձնականորեն իրականացվել է Սյունիքի մարզում, որտեղ թերաճության ամենաբարձր ցուցանիշներն են (37 տոկոս):
«Քանի որ շատ դրական ընդունվեց այդ ծրագիրը և մարզի բուժաշխատողների, և ծնողների, և Առողջապահության նախարարոււթյան կողմից՝ մենք նույն ծրագիրն իրականացրեցինք նաև Տավուշի մարզում և պատրաստվում ենք իրականացնել նաև Լոռիում»,-ասում է Հովակիմյանը:
Նա նշում է, որ առաջնային թիրախը մարզերն են, քանի որ Երևանում քիչ թե շատ և ինֆորմացիայի հասնալիությունն է շատ և բժիշկների հմտություններն ու գիտելիքները:
«Ըստ մեր ուսումնասիրությանˋ երեխաների թերսնման հիմնական պատճառը երեխաների սննդակարգի ոչ ճիշտ կազմակերպումն է, որը բխում է ծնողների գիտելիքների ոչ պատշաճ մակարդակից: Նույնիսկ ունենալով շատ սահմանափակ գումար՝ հնարավոր է շատ ճիշտ կազմակերպել երեխայի սննդակարգը»,-հավելում է Հովակիմյանը: