Օրերս Araratnews.am-ի խմբագրություն մի կին էր զանգահարել, ով ամիսներ առաջ ընտանիքով Ռուսաստանից տեղափոխվել է հայրենիք մշտական բնակության։ Մեր համաքաղաքացին նշեց, որ 5 տարեկան երեխա ունի և չի կարողանում նրան մանկապարտեզում տեղավորել, քանի որ 2019-ից նախակրթարաններ ընդունելությունը էլեկտրոնային համակարգով է արվում, ինչի արդյունքում առնվազն մեկ տարի պետք է սպասի, մինչև երեխայի հերթը հասնի։
Կնոջ խնդրի հետքերով կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանի հետ։ Հարցին՝ ի՞նչ պետք է անեն ծնողները, ովքեր նոր են վերադարձել հայրենիք և չեն հասցրել հերթագրել երեխաներին նախակրթարաններում, նա պատասխանեց․ «Պետք է երեխային գրանցեն և հերթի կանգնացնեն»։
Բայց եթե այսօր հերթագրեն, հաջորդ տարի հազիվ հասնի երեխայի հերթը, իսկ հաջորդ տարի արդեն դպրոց գնալու ժամանակն է, Կուբատյանը պատասխանեց․ «Նայած որ մանկապարտեզում։ Կարող են երեխային գրանցել այն մանկապարտեզում, որտեղ որ հերթ չկա, կամ կարող է տեղ ազատվի։ Քանի որ մանկապարտեզների տեղերը բավարար չեն, դրա համար հերթեր կան, ու հերթագրման համակարգը դրա համար է ստեղծված, որ թափանցիկ լինի, և բացառվի ծանոթ-բարեկամով մանկապարտեզ տեղավորելը»,- ասաց Կուբատյանը՝ վստահեցնելով՝ առաջիկայում նոր խմբեր կբացվեն մանկապարտեզներում, որ հերթերի հարցը լուծվի։
Դիտարկմանը՝ ամեն դեպքում այս համակարգի պատճառով երեխան մեկ տարի դուրս է մնում մանկապարտեզից, ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը, Կուբատյանը պնդեց, որ հերթագրման համակարգը դրա համար է ստեղծված և պետք է սպասել կամ․ «Պետք է դիմեն այն մանկապարտեզ, որտեղ հերթ չկա, դա կարող է այլ վարչական շրջանում լինել»։
Բայց ցանկացած ծնող ցանկանում է, որ երեխան իր բնակության վայրին մոտ հաճախի մանկապարտեզ, այսինքն՝ հարցն այլ կերպ չի՞ կարող լուծվել, քաղաքապետարանից ասացին, որ ոչ։
Հ․Գ․ Ամեն դեպքում, երբ պետական մակարդակով ամեն օր թմբկահարվում է հայրենադարձության մասին, և խոստումներ են տրվում բոլորին գրկաբաց ընդունել, ապա ինչո՞ւ է նման փոքր հարցը նրանց համար անլուծելի դառնում։ Ակնհայտ է, որ մինչև երեխայի հերթը հասնի, դպրոց գնալու ժամանակը կգա։ Ստացվում է՝ քաղաքապետարանի կողմից այդքան գովաբանված համակարգի պատճառով տուժում են հայրենադարձվող երեխաները։