Araratnews.am-ը շարունակում է ներկայացնել Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների պատմությունները: Մեր հաջորդ հերոսը 14-ամյա Դավիթն է, ով հիվանդ է աուտիզմով: Նա գրեթե մեկ տարի է, ինչ մանկատանն է:
Նրա մոր խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում երեխայի վարքը զգալիորեն փոխվել է:
«Շատ դժար է եղել, մինչև հիմա չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ երեխաս այստեղ է: Բայց մանկատան դաստիարակների խորհրդով բերեցի ու անչափ գոհ եմ: Գիտեմ, որ եթե նույնիսկ այստեղ չեմ, երեխաս առանց խնդրի կարող է մնալ: Հաճախակի գալիս եմ, եթե քույրիկի հետ առողջական խնդիրներ չեն լինում, հաճախակի գալիս եմ, Դավիթին տուն եմ տանում»,- ասում է նա:
Դիանան աշխատում է տնային պայմաններում, թարգմանություններ է կատարում: Երեխային մանկատուն բերելու միակ պատճառը 11 տարեկան քրոջ ներկայությունն է, քանի որ Դավիթը պարբերաբար ագրեսիվ է դառնում շրջապատի նկատմամբ:
«Երեխայիդ մանկատանը թողնելուց՝ ոնց որ սրտիդ մի մասնիկը պոկեն, բայց, կարծում եմ, ճիշտ որոշումը սա է: Ունեմ ընկերներ, որոնց երեխան առողջական խնդիրներ ունի ու բավական մեծ է տարիքով՝ 16-17 տարեկան, իրենք խուսափում են երեխային մանկատուն տանել, պահում են ընտանիքում, բայց առողջ երեխայի վրա դա շատ է ազդում»,- հուզված ասում է Դիանան:
Անի Պետրոսյան