Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու դեպքի շրջանակներում այս պահին չի հարցաքննվել։
Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Հարցաքննությունը, երբ նախաքննական մարմինը գտնի նպատակահարմար, անհրաժեշտություն կգտնի, այդ ժամանակ էլ կհարցաքննվի»,– նշել է նա։
Ի պատասխան այն հարցին, թե այսօր չպիտի՞ հարցաքննվեր Տրդատ Սարգսյանը, Նաիրա Հարությունյանը պատասխանել է, որ այս պահին նախաքննական մարմինը ունի պլանավորած քննչական գործողություններ, որը պիտի իրականացնի:
«Տեղի կունենա այսօր թե վաղը, հստակ չեմ կարող ասել»,- պատասխանել է Հարությունյանը:
Նշենք, որ ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Վայոց ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով Քննչական կոմիտեն առգրավել է դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Ըստ ԶԼՄ-ների՝ ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: